Այ հակառուսնե՛ր, Հայաստանը ռուսական գաղութ կդառնա՝ Փաշինյանի մնալու դեպքում. Մենուա Սողոմոնյան

Բրյուսելյան ապրիլի 5-ի հանդիպումը եկավ հերթական անգամ ապացուցելու՝ Հայաստանը ներկայացնող իշխանությունը մտել է մի ծանր և վտանգավոր խաղի մեջ։

Այդ հանդիպումը եկավ ապացուցելու, որ հայ ժողովրդի շալակին այս իշխանությունը դրել է անվտանգային խնդիրների մի մեծ բեռ, և դա արել է Արևմուտք-Ռուսաստան հակամարտությանը հընթացս։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանին Արևմուտքի տված խոստումների մասին, նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը՝ ընդգծելով.

«Բրյուսելում արվել է խայտառակ ձևակերպումներով հայտարարություն։ Այնտեղ Փաշինյանին ուղղակի տվեցին ինդուլգենցիա. ասացին՝ դու կարող ես լինել դիկտատոր, բայց կլինես Արևմուտքի դիկտատորը»,- ասաց Սողոմոնյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ այդ նույն Արևմուտքը Հայաստանին գումար հատկացնելու խոստում էլ տվել է բացառապես Փաշինյանի կողմից որոշակի պարտավորությունների կատարման դիմաց։

«Ասել են՝ փողերը կստանաք միայն այն դեպքում, երբ կուլիսներում ձեռք բերված պայմանավորվածությունները կկատարեք հավուր պատշաճի»,- ընդգծեց միջազգայնագետը՝ ՀՀ իշխանության կողմից նման պարտավորություն դիտարկելով՝ ինչպես Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս հանելու գործընթացը, այնպես էլ՝ ռուսական ազդեցության թուլացումը մեր տարածաշրջանում։

Ըստ Սողոմոնյանի՝ այս ամենի դիմաց Նիկոլ Փաշինյանը ստացել է իր իշխանությունը պահելու խոստում՝ Արևմուտքի հովանավորությամբ՝ մոտավորապես այնպիսի խոստում, ինչպիսին ժամանակին ստացել է նույն Սահակաշվիլին։

«Սահակաշվիլին ավելի դեմոկրատ գտնվեց. նա անմարդկային քայլեր չարեց իր իշխանությունը պահելու համար, արյուն չթափեց, իսկ Փաշինյանը, անկախ նրանից, թե ի՞նչ կմնա Հայաստանից, իր իշխանությունը պահելու է՝ մաշեցնելով և փոքրացնելով Հայաստանը՝ միաժամանակ գործելով Արևմուտքի հանձնարարականներով»,- ասաց Սողոմոնյանը՝ ընդգծելով՝ ինքը խնդիր չունի ո՛չ Արևմուտքի, ո՛չ Իրանի, ո՛չ Ռուսաստանի հետ, որովհետև այդ կենտրոնները պաշտպանում են իրենց շահը, ուստի իր խնդիրը Հայաստանի իշխանության հետ է, որը կապ չունի հայկական շահի հետ, ավելին՝ Փաշինյանն ամեն անգամ զիջում և հանձնում է այդ շահը՝ հիմա էլ իր գլխում ծնված պատմական և իրական Հայաստանների սահմանազատման և սահմանագծման գործընթացում։

«Այ մարդ, ի՞նչ պատմական Հայաստան, եթե այսպես շարունակես, վաղը Սյունիքը, Տավուշը, Վայոց ձորն են դառնալու պատմական Հայաստանը։ Հայաստանի հակառուսներին ուզում եմ ասել՝ եթե Փաշինյանը մնաց, մենք լավագույն դեպքում՝ դառնալու ենք ռուսական գաղութ, վատագույն դեպքում՝ կհամեմատվենք գնչուների հետ, կդառնանք անպետություն, անհայրենիք, թափառական»,- եզրափակեց միջազգայնագետը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս