Գնահատելու, սիրելու, պահպանելու, տեր կանգնելու ժամանակը
«Տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ». Հ. Գրիգորյան
Երբ փոքր էի, գիշերները նայում էի աստղերին ու մտածում, որ գյուղի երկինքն ուրիշ է՝ ավելի աստղազարդ: Ես սիրում էի մեր գյուղի երկինքը:
Ես գյուղում չեմ ծնվել, չեմ ապրել, ոչ էլ ծնողներս, բայց մեր գյուղում ինձ տեսնողներն ասում են` ՄԵՐ Անիկոն: Այնտեղ «ՄԵՐ»-ը շատ է։ Գյուղն այդպիսին է, քեզ միանգամից իրենն է համարում, իսկ մենք գյուղը համարո՞ւմ ենք մերը …
Իմ ու քո գյուղի տեղը շատերը չգիտեն աշխարհում, անգամ մեր հայրենիքում։ Հազարավորները երբեք չեն լսել, օրինակ՝ Հացուտի մասին: Չգիտեն, թե ժամանակին փոքրիկ հետազոտողներով քանի անգամ ենք ուսումնասիրել դարերի պատմություն ունեցող տեղի գերեզմանաքարերը՝ մամռակալած: Չգիտեն, թե որքան հին խաչքարեր ենք գտել, անտառում թաքնված մատուռ, որ շատ վաղուց բաց երկնքի տակ է: Գյուղում այնքան հին պատմություններ, գանձեր ու գաղտնիքներ կան, որ պիտի գտնեինք ու հարստանայինք, բայց մենք այդ գանձերը համարո՞ւմ ենք մերը …
Ես ուզում եմ, որ մենք վերջապես մեր հարստության տերը լինենք, որ չկորցնենք, որ հասցնենք ճանաչել ու սիրել:
Երբ փոքր էի, գիշերները մտածում էի, եթե իրոք երկրի վրա դրախտ կա, ուրեմն՝ մեր գյուղում է: Մտածում էի՝ Աստված մեզ երևի շատ է սիրել, որ նման դրախտ է տվել: Մենք գնահատո՞ւմ ենք մեր ունեցած դրախտը…
Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը` Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվը, կարծում է, որ մենք անընդհատ կորցնում ենք, որովհետև շարունակում ենք չգնահատել: Հույսներս, ցավոք, ժամանակի վրա ենք դրել, որ ժամանակն ամեն բան կկարգավորի: Մենք անընդհատ սպասում ենք՝ կորցնելով, չգնահատելով, չսիրելով, չփայփայելով:
«Չեղանք մեր հերոսների գործի շարունակողը։ Մենք չգնահատեցինք մեզ տրված նվերը, բազում հայորդիների արյունով ներկված հողը»,- նշում է հոգևորականն ու հավելում՝ իրավիճակը կփոխվի, եթե մենք փոխվենք:
Մայրաքաղաքում մեր գյուղի տեղը շատերը չգիտեն: Երբեք չեն լսել խորհրդավոր Քարի գլխի մասին, որը բարձրացողները պնդում են՝ այնտեղից ամբողջ աշխարհը երևում է: Չեն ուսումնասիրել տեղի քարանձավները, որոնց մասին այնքան լեգենդներ ու պատմություններ կան:
Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրս լավ ճանաչենք մեր սրտի չափ փոքր հայրենիքը, որ կարողանանք պաշտպանել:
«Սա իմ երկիրն է, չափերով այնպիսին, որ կարող եմ վերցնել հետս, թե մի հեռու տեղ գնամ»:
Կարդում եմ գրող Հովհաննես Գրիգորյանի տողերն ու մտածում՝ դեռ մանկուց իմ գյուղը միշտ ինձ հետ եմ վերցրել՝ մտքով: Իմ մանկությունը, ապահովությունը, իմ ու քո գաղտնիքներով, գանձերով գյուղը՝ Դիտավանը, Տավուշի մարզում է՝ օդային ճանապարհով 3 կմ հեռու թշնամու հետ սահմանից:
Մեզ ուզում են համոզել, որ մաս-մաս, փոքր-փոքր հայրենիք, քեզնից մի մասնիկ կորցնելը մեծ ցավ չէ, պետք է, իրավիճակն է ստիպում, հանգամանքներն են թելադրում: Ինչո՞ւ չենք մտածում, որ միգուցե մենք պարզապես ավելի շատ պիտի սիրեինք, սիրենք մեզ տրվածը:
Ո՞ւմ ենք ուզում թողնել մեր երկինքը՝ ավելի աստղազարդ, Հացուտը, Քարի գլուխը: Ինչո՞ւ չենք ուզում տեր կանգնել մեր դրախտին:
«Սա իմ երկիրն է չափերով այնպիսին, որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ, որ չկորցնեմ հանկարծ…»,- գրում է Հովհաննես Գրիգորյանը։ Ես իմ գյուղը սրտիս մեջ տեղավորել եմ վաղուց, հիմա ուզում եմ իմ գանձը պահպանել, որ չմռայլվի երբեք իր խաղաղ, աստղազարդ երկինքը:
«Մի՛ տվեք սրբությունը շներին և մի՛ գցեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի ոտնակոխ չանեն դրանք և շրջվելով ձեզ պատառոտեն» (Մատթեոս 7:6):
Ամեն ինչի հիմքում սերն է: Եթե սիրենք, չենք դավաճանի, ուրեմն՝ պիտի ավելի շատ սիրենք մեր տունը, հայրենիքը, որ սկսվում իմ ու քո գյուղից: Եկել է գնահատելու, սիրելու, պահպանելու, տեր կանգնելու ժամանակը:
Երբ գիշերները նայում եմ աստղերին, մտածում եմ, որ մեր գյուղի երկինքն ուրիշ է՝ ավելի աստղազարդ: Ես սիրում եմ մեր գյուղի երկինքը:
Անի Ավագյան