Բրյուսելն իրենց պատմածի «տնազը» դուրս եկավ. աշխարհաքաղաքական որևէ բևեռ «նիսյայի» դիմաց «նաղդով» չի ուզում վճարել. քաղաքագետ
«Բարձր մակարդակի պաշտոնյաները մեսիջներ են ստացել ՀՀ իշխանություններից, որ պատրաստ են խորացնել հարաբերություններն Արևմուտքի, մասնավորապես՝ Եվրամիության հետ: Իսկ Հայաստանի գործոնն Արևուտքին այժմ հետաքրքրում է զուտ այն տեսակետից, թե որքանով են իշխանությունները պատրաստ գործողությունների, որոնք Հայաստանից ու տարածաշրջանից դուրս կմղեն ռուսներին»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի հանդեպ Արևմուտքի գերակտիվության վերջին դրսևորումներին՝ նշեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը:
Նա նկատեց, որ թեև Արցախը ՀՀ իշխանությունների կողմից հանձնվել է Ադրբեջանին, բայց չի ստացվել այնտեղից հեռացնել ռուսական գործոնը (ռուս խաղաղապահները շարունակում են ծառայել), այժմ փորձում են կեղծ քաջալերումով, խոստումներով՝ Հայաստանից ստանալ կոնկրետ գործողություններ:
«Եկել է մի պահ, երբ Արևմուտքը ՀՀ իշխանություններին շատ հստակ ասում է՝ հայտարարությունների, տարատեսակ մանիպուլյացիաների ու աշխարհաքաղաքական սակարկությունների ժամանակն ավարտվել է:
Արևմուտքը կոնկրետ գործողությունների դիմաց, օրինակ, ՀԱՊԿ-ից՝ Հայաստանի դուրս գալու դիմաց, կարող է ինչ-որ գումարներ տալ, բայց զուտ հայտարարությունների մակարդակով արվածի համար ՀՀ իշխանությունները ստանալու են այնքան, ինչքան ստացան Բրյուսելում, ընդ որում՝ խոստման տեսքով՝ 4 տարվա համար 270 մլն եվրո՝ ԵՄ-ից, 65 մլն դոլար՝ ԱՄՆ-ից»,- պարզաբանեց վերլուծաբանը՝ շեշտելով, Արևմուտքը շատ կոնկրետ գործողություններ է ակնկալում ՀՀ իշխանություններից:
Արձագանքելով հարցին՝ կլինե՞ն արդյոք այդ գործողությունները, կարդարանա՞ն արևմտյան ակնկալիքները, մասնագետը դրանք պայմանավորեց Հայաստանին առնչվող արտաքին գործոններով, մասնավորապես՝ Իրանից, Ռուսաստանից եկող ռեակցիաներով:
«Օրինակ, մի բան է, երբ ՀՀ ղեկավարը հայտարարում է, որ ՀԱՊԿ-ում դե ֆակտո սառեցված է ՀՀ մասնակցությունը, ինչը ենթադրում է ՌԴ-ի կողմից մի ռեակցիա (հայտարարությունների, նախազգուշացումների մակարդակով), այլ բան՝ երբ ՀՀ-ն հայտարարի, որ դե յուրե էլ է դուրս գալից ՀԱՊԿ-ից, այդ պարագայում` հնարավոր է, որ գետնի վրա այլ գործողություններ լինեն:
ՀՀ իշխանությունների գործողությունների ալգորիթմը հենց այս գործոններից է կախված»,- մանրամասնեց նա:
Ընդհանուր առմամբ, Վիգեն Հակոբյանը բրյուսելյան հանդիպումը որակեց տապալված՝ նկատի ունենալով հենց իշխանությունների ձեռամբ ձևավորված գերսպասումները:
«Դեռևս 3 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ապրիլին պատմության մեջ չտեսնված ինչ-որ բան է լինելու Բրյուսելում: Այդ սպասումն իրենք ձևավորել, իրենք են դրա վրա քարոզչություն իրականացրել, սպասումներ առաջացրել արևմտամետ հանրության շրջանում, իրենց ձեռքի տակ գտնվող լրատվամիջոցների միջոցով իրենք են սպասվող միլիարդի մասին գրել:
Իսկ արդյունքում, քանի որ դա, ըստ էության, իրենց ասածի տնազը դուրս եկավ, այժմ ասում են, որ իրենք մեծ սպասումներ չեն ունեցել»,- շեշտեց քաղտեխնոլոգը՝ արձագանքելով նաև իշխանական մի քանի գործիչների կողմից գերսպասումներ ձևավորելու գործում իրենց առնչությունը հերքելու փորձերին:
Ըստ նրա՝ հավաքական Արևմուտքի պահվածքն ընկալելի է:
«Արևմուտքը չի հավատում Նիկոլ Փաշինյանի խոսքերին: Առհասարակ, թե՛ Արևմուտքը, թե Հյուսիսը, թե՛ մյուս բևեռները գիտեն Նիկոլ Փաշինյանի խոսքի արժեքը. որևէ մեկը «նիսյայի» դիմաց «նաղդով» չի ուզում վճարել:
Նույն Արևմուտքն այս իշխանության հետ նույնիսկ միջնաժամկետ ծրագիր չունի անցնելու. լավագույն դեպքում կարճաժամկետն է, որովհետև իրենց կարծիքով՝ այս իշխանության լեգիտիմությունն ու ներքին ամրությունը թույլ չեն տալիս հույս ունենալ, որ նրանք երկար են իշխանավարելու։ Ավելին՝ այս իշխանության «լեգիտիմությունը» թույլ է տալիս ենթադրել, որ չի բացառվում՝ հաջորդ իշխանությունն այս իշխանության ստորագրած փաստաղթերը դենոնսացնելու է»,- ամփոփեց վերլուծաբանը՝ հենց դրանով պայմանավորելով նաև Բրյուսելի կողմից 4 տարվա կտրվածքով գումարների խոստումը: