Փաշինյանը հասկացել է, որ Արևմուտքը ՀՀ–ին ոչ մի անվտանգային գործիք չի առաջարկում. քաղաքագետ. Sputnik Արմենիա

Նիկոլ Փաշինյանը սկսել է գիտակցել, որ Արևմուտքը ՀՀ-ին ոչ մի ռեալ անվտանգային գործիք չի առաջարկում, ուստի սկսել է Ռուսաստանի ուղղությամբ մի փոքր մեղմ քաղաքականություն վարել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։

Հայտնել ենք, որ ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը չի ցանկանում վիճել Ռուսաստանի հետ ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունն ու ուժը չունի, այլ որովհետև գնահատում է այն ահռելի դրականը, որ եղել է և կա երկու երկրների հարաբերությունների միջև։

«Այսինքն` Փաշինյանը հիմա տեղ է թողնում, որ, օրինակ, ցանկության դեպքում ԵԱՏՄ–ի գագաթնաժողովին մասնակցի։ Դրան զուգահեռ մենք լսեցինք ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը, որ առաջիկայում Փաշինյանն ու Պուտինը անձնական հանդիպման և հարցեր քննարկելու հնարավորություն կունենան»,- ասաց Սուրենյանցը։

Նա ընդգծեց, որ ԱԺ-ում իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ըստ էության առաջին անգամ հայտնեց այլ պատճառ, թե ինչու Հայաստանը 2021-ին հրաժարվեց ՀԱՊԿ-ի օժանդակությունից։

«Փաշինյանի ձևակերպման մեջ բացահայտվում է նրա սուտը, որովհետև մի դեպքում ասվում է, որ ՀԱՊԿ խաղաղապահները չեն բերվել, քանի որ այդ կառույցը Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչել, մյուս դեպքում ասում է, որ նրանց մուտքը չի արտոնվել, քանի որ նրանք դաշնակից են, ոչ թե խաղաղապահ։ Տրամաբանական շղթայի մեջ չեն համադրվում այս երկու բացատրությունները։ Սա իսկապես շիզոֆրենիայի է նմանվում, որովհետև չի կարող մի բանի մերժման հիմքում երկու տարբեր պատճառներ լինել»,- ասաց նա։

Այս ամենով հանդերձ, քաղաքագետի խոսքով, բրյուսելյան հանդիպումից հետո Փաշինյանը հասկացել է, որ իր «խելացնոր հակառուսական քաղաքականությունը» անհրաժեշտ արդյունքի չի բերելու Արևմուտքում։

«Փաշինյանն իր բերանով խոստովանել է` եթե Հայաստանը ագրեսիվ օրակարգ ունենար, այսինքն՝ Ադրբեջանին միակողմանի զիջումներ չաներ, Արևմուտքից աջակցություն չէր ստանա։ Նա նաև խոստովանել է, որ 270 մլն եվրոի և 65 մլն դոլարի դիմաց համաձայնել է հայ-ադրբեջանական հարաբերություններում կրկին նշաձող իջեցնել»,–ասաց Սուրենյանցը։

Տեսանյութեր

Լրահոս