
Բայդենը Սպիտակ տանը կընդունի պետական այցով ԱՄՆ-ում գտնվող Կիսիդային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և պետական այցով Վաշինգտոնում գտնվող Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Սպիտակ տանն անցկացվելիք գագաթնաժողովի ընթացքում ցույց կտան երկու երկրների ուժեղ և աճող գործընկերությունը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ գագաթնաժողովը կմեկնարկի Սպիտակ տանը Ճապոնիայի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությամբ։ Այնուհետև նախատեսված է հանդիպում փակ դռների հետևում, համատեղ մամուլի ասուլիս, պետական ընթրիք և կատարումներ երաժիշտ Փոլ Սայմոնի կողմից։
Ապրիլի 11-ին Կիսիդան ուղերձով կդիմի ԱՄՆ Կոնգրեսին, այնուհետև եռակողմ հանդիպում տեղի կունենա Ջո Բայդենի և Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրտսերի հետ։
Ակնկալվում է, որ Բայդենը և Կիսիդան կհայտարարեն ռազմական և պաշտպանական տեխնիկայի համատեղ մշակումներն ավելացնելու քայլերի մասին։ Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ երկու ղեկավարները նաև կհայտարարեն համատեղ լուսնային առաքելության և արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների նախագծերի մասին։
Ապրիլի 9-ի երեկոյան նախագահ Բայդենը և ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը վարչապետ Կիսիդային և նրա կնոջը՝ Յուկոյին, տարել էին տեղի ռեստորաններից մեկը՝ մասնավոր ընթրիքի։