Նիկոլի քաղաքական շպագատն ամբողջությամբ բացված է. Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ամեն անգամ ականատես են լինում «նիկոլական տերերի» և Ալիևի ջղաձգումներին, երբ հերթական անգամ հրապարակվում են ՀՀ-ում անցկացվող հարցումների արդյունքները։
«Այս անգամ արդյունքներն իրենց համար վախենալու են, և այսպես՝ աջակցության պատմական մինիմում գործող խմբակին։ Հիմա խառնվել են իրար, շտապում են ու շատ են շտապում, որովհետև Նիկոլի համար պողպատե մանդատ կազմակերպել էին, որպեսզի հլու-հնազանդ հանձնի Արցախն ու Հայաստանը։ Իրենք էլ են հասկանում, որ պիտի շտապեն, քանի որ ժամկետների իմաստով գոնե ամբողջությամբ իրենց աչքի առաջ ձախողել է՝ տարբեր խաղեր տալով։ Դրա համար էլ, օրը մի քարտեզ վերցրած, դռնեդուռ ընկած՝ Հայաստանի քաղաքացիներին փորձում է համոզել, իբր թե ինչն է մեզ պատկանում, ինչը չի պատկանում»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց Աննա Մկրտչյանը։
Նա հիշեցրեց, որ նորանկախ ՀՀ-ում երկրի սահմանները երբեք հարցականի տակ չեն դրվել, հայ զինվորը երբեք օտար հողում չի կանգնել։
«30 տարի Հայաստանն իր ամբողջ ռեսուրսով եղել է արցախահայության երաշխավորը և Արցախի Հանրապետության, պահելով նաև նորանկախ Հայաստանը։ Մենք անվտանգ էինք, ուժեղ և իրապես ինքնուրույն։
Իսկ հիմա անցած շաբաթվա Նիկոլի «եվրովիժնի» մասին, եթե կարելի է դա այդպես անվանել։ Դուք տեսաք, թե Հայաստանին ինչպես են վերաբերվում, դե, մի քանի կոպեկ կշպրտենք, և վերջ, մի քանի կոպեկ կշպրտենք՝ Արցախը կուրանան, Հայաստանի տարածքներից կհրաժարվեն, և այլն։
90-ականներին ստեղծված նորանկախ Հայաստանն ավելի հուսալի գործընկեր էր, քան այսօր է, էլ չասեմ, որ նախկինների Հայաստանում, նրանց կնքած ՍԵՊԱ-ով միայն նախատեսված էր մի քանի միլիարդ դոլար։
Կասե՞ք՝ պատճառը ո՞րն է, պատճառը ձախողված, պարտված կառավարությունն է և օրեցօր սեփական ժողովրդի կողմից էլ ավելի ատելի դարձողը, որը երբեք գործընկեր՝ ոչ մեկի կողմից չի կարող դիտվել։ Այսպիսով՝ Նիկոլի քաղաքական շպագատն ամբողջությամբ բացված է»,- եզրափակեց Աննա Մկրտչյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում