
Իսրայելը ցամաքային ուժերը դուրս է բերել Խան Յունիսից

Իսրայելի զորքերը դուրս են եկել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքից, որտեղ ինտենսիվ ռազմական գործողություններ էին անցկացնում դեկտեմբերից։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ըստ հրապարակման՝ պաղեստինցիները շարունակում են վերադառնալ քաղաք՝ փորձելով փլատակներում գտնել իրենց տները։
Իսրայելը հայտարարել է, որ Խան Յունիսից զորքերի հեռացումը չի նշանակում, որ պատերազմն ավարտվել է։ Փոխգնդապետ Փիթեր Լերները BBC-ին հայտնել է, որ Իսրայելի ռազմական առաքելությունը տվյալ հատվածում, գուցե, ավարտվել է, սակայն Գազայի հատվածում դեռ «բազմաթիվ գործողություններ կան, որ հարկավոր է իրականացնել»։
Ըստ իրենց հայրենի քաղաք վերադարձող պաղեստինցիների՝ Խան Յունիսում գրեթե ոչինչ չի մնացել «լիակատար ավերածությունից» հետո։
Միևնույն ժամանակ Գազայի հատվածում հրադադարի հասնելու և պատանդների վերադարձի շուրջ բանակցությունները, կարծես, դարձյալ փակուղի են մտել։ ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաները և իսրայելցի աղբյուրները տարբեր լրատվամիջոցների հայտնել են, որ առայժմ ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել ապրիլի 7-ին Կահիրեում կայացած բանակցությունների ընթացքում։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, հասել է 33 207-ի։