Հայաստանը Նիդեռլանդներում կունենա կապի սպա՝ Եվրոպոլի հետ փոխգործակցությունն ապահովելու համար
Հայաստանն ընդլայնում է համագործակցությունը Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության հետ անդրազդային հանցավորության դեմ պայքարում։
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով 2023 թվականի հունիսի 27-ին եւ 2024 թվականի փետրվարի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին համաձայնագրի վավերացման նախագիծը։
Նախարարի տեղակալի խոսքով՝համաձայնագիրը միտված է անդրազդային հանցավորության դեմ պայքարին, մասնավորապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, միգրանտների մաքսանենգության, կիբերհանցավորության, ակտիվների վերականգնման, փողերի լվացման, մարդկանց թրաֆիկինգի եւ այլ ոլորտներում:
«Հաշվի առնելով Եվրոպոլի դերն ու նշանակությունը հատկապես Եվրոպայի տարածաշրջանում հանցավորության դեմ պայքարի ոլորտում՝ մեզ համար շատ կարևոր ձեռքբերում կլինի ապահովելու ներքին գործերի նախարարության և Եվրոպոլի միջև փոխգործակցությունը։
Մեր կապի սպան, որը կներկայացնի ամբողջ իրավապահ համակարգը, կունենա Նիդեռլանդներում համապատասխան նստավայր, որի միջոցով Եվրոպոլը կպարտավորվի ապահովել անվտանգ կապուղու համար անհրաժեշտ թե՛ ենթակառուցվածքները, թե՛ մնացյալ բոլոր համալրող սարքավորումները։ Համանման ենթակառուցվածք կունենանք նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության շենքում։ Կապի սպան կունենա հասանելիություն իրավապահ համակարգի բոլոր հնարավոր դատաբազաներին, որոնք թույլ կտան ապահովելու փոխգործակցությունը Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև։ Սա կապահովի 27/7 ռեժիմով սահուն համագործակցություն Եվրոպոլի և Հայաստանի միջև»,-եզրափակեց Սարգսյանը։