
Մոզամբիկի ափերի մոտ նավաբեկության հետևանքով 91 մարդ է զոհվել

Մոզամբիկում առնվազն 91 մարդ է զոհվել լաստանավի վերածված ձկնորսական նավի խորտակման հետևանքով, որի պատճառը եղել է գերբեռնվածությունը։ Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Ըստ Նամպուլայի նահանգի պետքարտուղարի՝ նավում եղել է 130 մարդ։ Նավը եղել է գերբեռնված և պիտանի չի եղել ուղևորափոխադրման համար։ Նրա խոսքով՝ նավի վրա խուճապ է սկսվել խոլերայի համաճարակի մասին տարածված կեղծ տեղեկությունների պատճառով․ ուղևորներից շատերը փորձել են ցամաք հասնել։
Պետքարտուղարը հայտնել է, որ զոհվածների թվում կան բազմաթիվ երեխաներ:
Փրկարարները հայտնաբերել են հինգ ողջ մնացածի, նրանցից երկուսը հոսպիտալացվել են։ Մնացածների որոնումները շարունակվում են, սակայն որոնողափրկարարական աշխատանքները դժվարանում են ծովում եղանակային վատ պայմանների պատճառով:
Նավաբեկության պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել: