Բաժիններ՝

Մեծագույն Պատվիրանը

Ամո՛ւր բռնիր իմ խրատը և բաց չթողնես այն, այլ պահի՛ր, որովհետև քո կյանքն է այն…

Պատվիրան… Ով չի լսել այս խոսքը… Ով է, որ չգիտի պատվիրանները, որոնք հազարամյակներ ի վեր մարդկության մի սերունդը երկյուղածաբար մյուսին է փոխանցում և ուսուցանում դրանց` որպես մարդկային կյանքի հավիտենական ուղենիշներ… Սակայն եկեք մի պահ հարց տանք մեզ. որքանո՞վ են այդ պատվիրաններն ապրում մեր կյանքում… Իսկ թե դրանք իրենց լրիվության մեջ մեր ապրելակերպը չեն, ապա ի՞նչն է դրա խորքային պատճառը:

Մեզնից շատերը հավանաբար ապրում են այն ներքին մտածումով, որ մենք բոլորս սխալական ու մեղավոր մարդիկ ենք. մեղքը, սխալը մեզնից անբաժան է. եթե ապրում ենք, եթե գործում ենք, ուրեմն, անշուշտ, պետք է նաև սխալներ անենք: «Ո՞վ է անմեղ, – մտածում ենք մենք, – և մի՞թե ես Սուրբ եմ… Չէ՞ որ Սրբերն էլ, միևնույն է, մեղքեր գործում են. անմեղ մարդ չկա… իսկ ես… իսկ ես այդքան էլ մեղավոր չեմ»…

«Այդքան էլ մեղավոր չեմ»… Ահա սրանում է թաքնված ամեն բան… երբ «հոգևոր միջակությունը» լիովին «բավարար» է թվում մարդուն…

Կարդացեք նաև

Իսկ ինչպե՞ս է մեզանում ձևավորվում այս մտայնությունը: Մի՞թե մենք այդպիսին ենք ծնվում: Պարզվում է` ոչ, մենք այդպիսին չենք ծնվում, այլ դառնում ենք… Իսկ ինչո՞ւ, ի՞նչն է մեզ այդպիսին դարձնում: Այս հարցերը ուշադրությամբ քննելիս անխուսափելիորեն նորից գալիս ենք մարդու` «իրենից դուրս» ապրելու հիմնարար խնդրին (տես «Հայացք մեր կյանքին» հրապարակումը): Մարդ ի ծնե հակվածություն ունի «գնահատելու» իրեն համեմատության մեջ` առանց գիտակցելու, որ ինքը անգնահատելի է, անկրկնելի ու անփոխարինելի… Եվ  ժամանակի ընթացքում հասարակության պարտադրած կաղապարները, պտղաբերելով այս վտանգավոր հակման հողի մեջ, մարդու ներաշխարհը քայլ առ քայլ «լղոզում» են, ու անխուսափելիորեն հանգեցնում մարդկային հոգում կենդանականի գլուխ բարձրացնելուն, և մարդն այս աշխարհում վերածվում է գիշատիչ սպառողի ու դառնում չարիքի աղբյուր…

Սաղմոսերգուն ասում է. «Մարդը պատիվ ուներ` ու չհասկացավ. հավասարվեց անբան անասուններին և նմանվեց նրանց»…

Եվ, սակայն, հոգու այս հիվանդությունն առաջ է գալիս ոչ միայն նկարագրված արտաքին երկարատև ազդեցությունից, այլ նաև իր խոր հիմքերն ունի մեր ներքին փորձառության մեջ: Ցանկացածս մեր կյանքում անշուշտ երբևէ փորձել ենք գործադրել պատվիրանները, թեկուզ միայն` որպեսզի սեփական անձի վրա զգանք դրանց «իրագործելիության» չափը, տեսնենք, թե արդյոք դրանք իսկապես հնարավոր է ճշտությամբ ու լրիվությամբ պահել, թե ոչ: Եվ շատերի մոտ ամեն բան, ցավոք, հենց այստեղ էլ ավարտվում է, որովհետև մարդ շուտով գիտակցում է, որ պատվիրանները պահելու անհրաժեշտությունն առաջանում է կյանքի ամեն քայլափոխի, և դրանց բոլորի իրագործումը մեզ իսկապես «Սրբություն» է թվում, ու մենք այս հարցը փակում ենք մեզ համար և այլևս չենք անդրադառնում դրան… Թերևս ոմանք ասեն, թե պատվիրաններն «այս կյանքի համար» չեն կամ թե` կյանքն «այլ բան» է թելադրում և այլն…

Սիրելիներս, եթե դրանք «այս կյանքի համար չեն», հապա, ո՞ր կյանքի համար են… Այո, այստեղ իսկապես սխրանքի անհրաժեշտություն կա, և կյանքն ինքնի՛ն սխրանք է: Սակայն այդ սխրանքը նախևառաջ հարցը մեր առջև պահելու և դրանում խորամուխ լինելու մեջ է: Եվ ուրեմն ի՞նչն է իրականում մեզ խանգարում, որպեսզի մեր կյանքում իրենց լրիվության մեջ ապրեցնենք այդ պատվիրանները: Ինչպե՞ս գտնել Ճանապարհը, որն «ինքնաբերաբար» կուղղի մեր ընթացքն այդ անհամար իրավիճակներում: Ինչպե՞ս գտնել ոչ թե «վարքականոնը», այլ` Վարքը: Մի՞թե թռչունը թռչելիս մտածում է, թե ինչպ բարդագույն շարժումներ է անում իր թևերով: Անշուշտ` ոչ. նա պարզապես գիտի թռչել… Որտե՞ղ է, ուրեմն, այս ամենի բանալին, ինչպե՞ս գտնել այն, ինչպե՞ս վերջապես սովորել թռչել…

Դրա սքանչելի Բանալին հենց պատվիրանների մեջ է: այն Դուռն է ամեն պատվիրանի և Մեծագույնն է, որ ասում է. «Սիրի՛ր քո Տեր Ա-ծուն քո ամբողջ հոգով, քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով ու քո ամբողջ զորությամբ»

Ահա՛ Ճանապարհի սկիզբը, ահա՛ Ճանապարհը… Ահա ա՛յս է բանալին, որ բացում է մնացյալ բոլոր պատվիրանների դռները: Միայն այս լույսի ներքո է, որ տեսանելի են դառնում մյուս բոլոր պատվիրանների իրական էությունն ու ճշմարիտ հոգին: Սա է այն զորեղ կշեռքը, որ պահում է ամեն մոլորությունից, որ չի թողնում շեղվել ո՛չ դեպի աջ, ո՛չ էլ դեպի ձախ, սա է, որ «քեզ սովորեցնում է ընթանալ ուղիղ շավիղներով, որպեսզի, եթե գնաս` ընթացքդ չխափանվի, եթե վազես` երբեք չհոգնես»…

Քանի դեռ չես սիրում Տիրոջը քո ամբողջ էությամբ, քանի դեռ չես սիրում Նրան քո իսկ անձից ավելի, ինչո՞ւ պետք է նախանձախնդիր լինես Նրա Խոսքին, ինչո՞ւ պետք է անձդ զոհաբերես հանուն այն Ճանապարհի, որ դեպի Նա է տանում… Եվ եթե քո ամբողջ սրտով ու քո անձից ավելի սիրես Տիրոջը, մի՞թե անձիդ պես չես սիրի նաև Նրա զավակին, որ եղբայրդ է, և որի մեջ Տերն Ինքն է ապրում. լինի նա քեզ բարեկամ, թե թշնամի, մի՞թե չես աղոթի նրա համար, մի՞թե չես շտապի օգնության հասնել… թեկուզ` ընդամենը կարեկից լինել… մի՞թե նրա ցավը կամ ուրախությունը նաև քոնը չեն լինի… Եթե քո ամբողջ հոգով սիրես Տիրոջը, սիրես Նրան քո անձից ավելի, մի՞թե երբևէ լեզուդ սուտ կխոսի, մի՞թե երբևէ ձեռք կմեկնես մի բանի, որ քոնը չէ, և կամ մի՞թե այս աշխարհում որևէ բան քոնը կհամարես… մի՞թե այս աշխարհում կյանք կսպանես` կյանք, որի մեջ Տերն Ինքն է ապրում… մի՞թե չես պատվի ու սիրի ծնողիդ` նրան, ում միջոցով Տերը քեզ կյանք տվեց ու բնակվեց քո մեջ, մի՞թե զգայարաններդ դեռևս կիշխեն քեզ վրա, և մի՞թե այս աշխարհի շահը քեզ համար ունայնություն չի լինի միայն…

Եվ, ուրեմն, իմ սիրելիներ, ահա այս պատվիրանն է, որ պետք է գրվի մեր սրտերում, ուղեկցի մեզ մեր ամեն արարքում, կատարելապես ապրի մեր կյանքում, նույնանա մեր կյանքին, լինի մեր բոլոր ճանապարհների թե՛ սկիզբը, թե՛ վախճանը, լցնի մեր այս վաղանցուկ կյանքի ամեն ակնթարթը և մեզ հավիտյանս միավորի Տիրոջ հետ` Նրա անվախճան Ցնծության մեջ…

Շարունակելի…

Մակար  Ղազարյան

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս