Աշխարհում Իսրայելի ոչ մի դեսպանատուն այլևս անվտանգ չէ. Իրանի նախազգուշացումը
Աշխարհում Իսրայելի դեսպանատներն այլևս անվտանգ չեն Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքին իսրայելական հարվածից հետո։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավոր ռազմական խորհրդական, գեներալ Յահյա Սաֆավին։
«Ռազմական հարձակումը հյուպատոսության վրա և Սիրիայի հրավերով այնտեղ օրինական հիմքերով գտնվող Իրանի խորհրդականների մահը միջազգային իրավունքի խախտում է, և Իսրայելի ոչ մի դեսպանատուն այլևս անվտանգ չէ», – նրա խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Սաֆավին, վկայակոչելով Իրանի առաջնորդի խոսքերը, թե Իսլամական Հանրապետությունը կստիպի հրեական պետությանը զղջալ հյուպատոսության վրա հարձակման համար, զգուշացրել է, որ «դիմադրության ուժերի ճակատը պատրաստ է, պետք է սպասել և տեսնել, թե ինչ կլինի»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի իշխանություններն Իրանի կողմից սպառնալիքների պատճառով փակել են 28 դիվանագիտական ներկայացուցչություն տարբեր երկրներում։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Իսրայելին հատուցում էր խոստացել Դամասկոսում հյուպատոսության վրա հարձակման համար, որտեղ սպանվել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալ և հինգ սպա։
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչն ասել էր, որ երկիրը լրջորեն է վերաբերվում իր դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի և պատրաստ է ցանկացած սցենարի։
Ապրիլի 1-ին իսրայելցի զինվորականները հարձակվել են Դամասկոսի դիվանագիտական թաղամասի վրա, որտեղ գտնվում է Իրանի հյուպատոսությունը։ Հյուպատոսությունն ամբողջությամբ ավերվել է. հարձակման հետևանքով զոհվել են իրանցի գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջա Ռահիմին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հինգ սպա: Էբրահիմ Ռաիսին ասել է, որ հարվածի հեղինակներն ու հովանավորները «կպատժվեն մոջահեդների ձեռքով»։