Հայ-չինական հարաբերությունների կարևորությունը. Վահե Դավթյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյանի իր ալիքում գրում է․ «1992 թ. ապրիլի 6-ին հաստատվեցին հայ-չինական դիվանագիտական հարաբերությունները:
Ի՞նչ արդյունք տվեցին դրանք այս 32 տարվա ընթացքում: Արդյո՞ք գոնե մասամբ իրագործվում է երկկողմ հարաբերությունների ներուժը: Այս հարցերն, իհարկե, ունեն հռետորական բնույթ:
G2 աշխարհակարգի ձևավորման պայմաններում, երբ Չինաստանը դիտվում է որպես լիիրավ աշխարհաքաղաքական բևեռ, պաշտոնական Երևանի համար առանցքային մարտահրավեր պետք է լինի ոչ թե եվրոպաների դռներն ընկնելն ու երկու կոպեկ մուրալը, այլ հայ-չինական երկխոսությանը նոր, խորքային բովանդակություն հաղորդելը:
Մինչդեռ տեղի է ունենում հակառակը:
2020 թ.-ին Հայաստանը միացավ փաստացի հակաչինական մի նախաձեռնությանը, որը հայտնի է որպես «Կրոնական ազատությունների միջազգային այլանս»՝ գրեթե զրոյացնելով հայ-չինական հարաբերություններում նախկինում ձեռքբերված համեստ արդյունքները: Որպես հետևանք՝ նույն 2020 թ.-ին Հայաստանի քաղաքական ղեկավարությունը չհրավիրվեց «Գոտի և ճանապարհ» գագաթնաժողովին:
Առևտրատնտեսական ուղղությամբ թեև առաջին հայացքից արդյունքները վատը չեն, սակայն դրանց կառուցվածքըևս որևէ հույս չի ներշնչում: 2023 թ.-ի արդյունքների համաձայն՝ Հայաստանի արտաքին առևտրում Չինաստանը զբաղեցնում է 2-րդ տեղը՝ Ռուսաստանից հետո: Առևտրաշրջանառությունը հասցվեց մոտ 2 մլրդ դոլարի, ինչը գերազանցում է 2022 թ.-ի ցուցանիշը 40%-ով:
Միաժամանակ, անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստանի համար Չինաստանի հետ իրականացվող առևտրաշրջանառությունն ունի բացասական սալդո: Դրա կառուցվածքում 80%-ը ներկրումն է կազմում: Իսկ արտահանում ենք հիմնականում հումք՝ պղնձի ու մոլիբդենի խտանյութ:
Ընդ որում այս պահին կա առնվազն երկու ռազմավարական ուղղություն, որոնց ներքո անհրաժեշտ է զարգացնել հայ-չինական երկխոսությունը:
1. Միջուկային էներգետիկա: Չինաստանը միջուկային էներգետիկա զարգացնող աշխարհի առաջատար երկրներից է: Ավելին՝ այն աշխարհի երկու երկրներից մեկն է (մյուսը Ռուսաստանն է), որը փոքր հզորության մոդուլային ռեակտոր է շահագործում: Եվ եթե մենք պլանավորում ենք ապագայում ունենալ «խաղաղ ատոմ», ապա Չինաստանի հետ համագործակցությունը կարող է լուրջ հեռանկարներ ունենալ:
2. Տրանսպորտային ենթակառուցվածքներ: Չինաստանն այլևս գլոբալ տրանսպորտային ցանցի առանցքային դերակատարներից է, որին միաժամանակ հաջողվում է բալանսավորել Արևելք-Արևմուտ և Հյուսիս-Հարավ անտագոնիստական ռազմավարությունների միջև: Ինտեգրելով Հայաստանում խայտառակ դանդաղ տեմպերով իրականացվող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու նախագիծը չինական «Գոտի և ճանապար» նախաձեռնությանը՝ ապագայում կարող ենք ստանալ ոչ միայն լուրջ տնտեսական դիվիդենտներ, այլ նաև հնարավորություն՝ դիրքավորվելու Պեկինի կողմից ձևավորվող անվտանգային էկոհամակարգում:
Կարևոր է գիտակցել, որ նշված ուղղություններով աշխատելու, չինական ներդրումներ կամ վարկեր ստանալու, ռազմավարական երկխոսություն հաստատելու համար նախևառաջ անհրաժեշտ է Չինաստանի հետ մշակութային, քաղաքակրթական երկխոսություն զարգացնել՝ չդիտարկելով այն բացառապես որպես «ոսկե ցլի»: Դա չինացիների համար կարևոր չափանիշ է արտաքին առաջնահերթությունների սահմանման գործում:
Բնականաբար, այսօրվա պաշտոնական Երևանը չունի այս երկխոսության համար անհրաժեշտ ռեսուրսներ՝ ոչ աշխարհաքաղաքական մտածողություն, ոչ կոմպետենցիա, ոչ քաղաքական կամք:
Դա լավ հասկանում են նաև Չինաստանում, առնվազան՝ չինական դիվանագիտական կորպուսի հայաստանյան ներկայացուցիչներն ու Հարավային Կովկասով զբաղվող փորձագետները: Այստեղից էլ՝ հայկական ուղղությամբ Չինաստանի պրոակտիվության բացակայությունը»: