Իսրայելի հարձակումն անպատասխան չի մնա․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ
Իսրայելի դեմ գործողությունն անպայման կիրականացվի։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմեդ Բաղերը` Սիրիայում Իրանի հյուպատոսության շենքի վրա հարվածի հետևանքով զոհված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Մուհամեդ Ռեզա Զահեդիի հուղարկավորության ժամանակ։
«Իսրայելի հարձակումն անպատասխան չի մնա, մենք կորոշենք գործողության ժամանակը, տեսակը և մեթոդը, այն անպայման մանրակրկիտ կիրականացվի։ Մենք կստիպենք թշնամուն զղջալ արածի համար», – հայտարարել է նա:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին և հինգ սպաներ:
Իր հերթին Al Hadath հեռուստաընկերությունը հայտնել է, որ հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 11-ի այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերվել ևս մի քանի հոգու մարմիններ։ Բացի ԻՀՊԿ-ի 7 զինվորականներից, ըստ հեռուստաալիքի, 3-ը Սիրիայի քաղաքացիներ են, ևս մեկը՝ լիբանանցի։