Բաժիններ՝

Հնդկաստանը հաջողությամբ նոր սերնդի բալիստիկ հրթիռ է փորձարկել

Հնդկաստանի ռազմավարական ուժերի հրամանատարությունը և Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպությունը (DRDO) հաջողությամբ փորձարկել են նոր սերնդի «Ագնի Փրայմ» բալիստիկ հրթիռը: Այդ մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։

Արձակումն իրականացվել է ապրիլի 3-ին Աբդուլ Կալամ կղզուց՝ Օդիշայի ափերի մոտ։

«Փորձարկման բոլոր նպատակները ձեռք են բերվել», – ասվում է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ հրթիռի թռիչքը հսկել են տարբեր սենսորների ու հսկման համակարգերի միջոցով։

Պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը շնորհավորել է DRDO-ին և Զինված ուժերին հաջող փորձարկման համար և հայտարարել, որ «հրթիռի հաջող մշակումն ու շահագործումը կամրապնդեն Հնդկաստանի զինված ուժերը»:

Հնդկաստանում մշակել են «Ագնի» ընտանիքի մի քանի տեսակի հրթիռներ. «Ագնի-1»-ը՝ թռիչքի մինչև 700 կմ հեռահարությամբ, «Ագնի-2»-ը՝ 2000 կմ, «Ագնի-3»-ը՝ ավելի քան 3000 կմ և «Ագնի-5»-ը՝ ավելի քան 5000 կմ հեռահարությամբ: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ մշակվում է նաև «Ագնի-6» հրթիռը՝ թռիչքի մինչև 10 000 կմ հեռահարությամբ և սուզանավից արձակման հնարավորությամբ։ «Ագնի Փրայմ»-ը «Ագնի-1»-ի և «Ագնի-2»-ի մոդիֆիկացիան է՝ մանևրող գլխամասով։

«Ագնի Փրայմ»-ը միջին հեռահարության (1200-2000 կմ) շարժունակ հրթիռ է և նոր սերնդի առաջին հրթիռը Հնդկաստանի կառավարվող հրթիռների մշակման համալիր ծրագրի ավարտից հետո, ինչն այն դարձնում է Հնդկաստանի զինանոցի ամենաճշգրիտ հրթիռը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս