Ինչո՞ւ եք հանել գործից` քրեական գործ հարուցեիք. «Հրապարակ»

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համոզված է՝ «Ֆլայ Արնա»-ի ձախողման պատմության մեջ կոռուպցիոն ռիսկեր կան, ուստի, իրենց կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ հռչակած իշխանությունները պետք է քրեական գործ հարուցեն։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Բագրատյանը հիշեցրեց խորհրդարանում Փաշինյանի խոստովանությունը, թե այդ ծրագիրը ձախողվել է, ու շեշտեց՝ բաց է մնում հարցի պատասխանը, թե ինչ է եղել շուրջ 4,8 միլիարդ դրամը, որը կառավարությունը  2021թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ հատկացրել էր պետական հիմնադրամ հանդիսացող «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին՝ ԱՆԻՖ-ին։

Հիշեցնենք, որ «Էյր Արաբիա» ընկերության հետ 2021թ․ հուլիսի 14-ին ստորագրված հուշագրի արդյունքում ստեղծվել էր ազգային ավիափոխադրող՝ «Ֆլայ Արնա» ընկերությունը, որի կանոնադրական կապիտալն ավելացնելու նպատակին էին ուղղվել հիշատակված միջոցները։ Սակայն «Ֆլայ Արնա»-ի «ոդիսականը» կարճ տեւեց։ «Ֆլայ Արնա»-ի շարժակազմում գրանցված Airbus A320 ինքնաթիռը հունվարի 16-ից դադարեցրեց թռիչքներ իրականացնել, ապա հայտնի դարձավ, որ ընկերության միակ ինքնաթիռը դուրս է գրվել ՀՀ օդանավերի ռեգիստրից, ինչի հետեւանքով նրա լիցենզիան կասեցվել է։

Մարտի 20-ի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է»։ Ասաց. «Այո, դա վատ պատմություն է», թե «շուկայի կոնյունկտուրան է որոշակի փոփոխություն կրել», եւ ««Ֆլայ Արնա»-ն մրցակցությանը չի դիմացել», թե «զարգացումներ են եղել մեր քաղաքացիական ավիացիայի հետ կապված, մասնավորապես՝ Եվրամիության սեւ ցուցակում հայտնվելը»: Ինչ վերաբերում է ձախողման հետեւանքներին, Փաշինյանն ընդամենը հայտարարեց. «Որոշակի ստուգողական գործողություններ են իրականացվել, եթե քրեաիրավական գնահատականին համապատասխանեն, կտրվեն, բայց նախագիծը շարունակելու մասին մտածելու համար լավատեսական ոչ մի հիմք չունենք»։

«Այդ պրոյեկտը նախաձեռնող Արմեն Սարգսյանը փախել է Հայաստանից, այդ պրոյեկտն իրականացնող հեղինակը՝ Արմեն Սարգսյանի սանիկ Դավիթ Փափազյանը, հանվել է գործից։ Ինչո՞ւ էիք հանում գործից` քրեական գործ հարուցեիք»,- մեզ հետ զրույցում նշում է Հրանտ Բագրատյանը եւ ընդգծում, որ գործ ունենք կոռուպցիոն մեծ ռիսկի հետ, քանի որ ընկերություն հիմնելու գործարքն արվել է առանց տենդերի։ «Առանց տենդերի է արվել,  չի ընտրվել կենսունակ մի ավիաընկերություն, որին պետք է այդ փողը տային, «Էյր Արաբիա»-ին են տվել։ Սա բացահայտ կոռուպցիոն ռիսկ է»,- համոզված է Բագրատյանը։ Նրա խոսքով՝ եթե այս դեպքում քրեական գործ չի հարուցվում, օրինակ, ինչո՞ւ պետք է քրեական գործ հարուցվի, ասենք, նախկին նախագահի թիկնազորի պետի կամ ֆինանսների նախկին նախարարի նկատմամբ։ Ինչպես Փաշինյանն էր ասում, թե ձախողել ենք, նրանք էլ, օրինակ, կարող են ասել՝ սխալվել ենք։

Ի դեպ, Պետական վերահսկողական ծառայությունն ավելի վաղ ուսումնասիրությամբ արձանագրել էր, որ ԱՆԻՖ-ն արդյունավետ չի օգտագործել պետությունից ստացած միջոցները։ Այս ուսումնասիրությունների ֆոնին վաղաժամ դադարեցվել էին ֆոնդի արդեն նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները։ ԱՆԻՖ-ը ստեղծվել էր 2019-ին։ Այն կառավարության ներքո գործող ընկերություն է, որի գործունեությունը, ինչպես նշված է հիմնադրամի պաշտոնական էջում, միտված է խոշորագույն ներդրողների եւ գործընկերների հետ համատեղ լայնածավալ նախագծերի իրականացմանը։ Թե ստեղծումից ի վեր ԱՆԻՖ-ին քանի խոշորագույն ներդրողի է հաջողվել Հայաստան բերել, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ շուրջ 4,8 միլիարդ դրամը քամուն է տրվել։

ՀԳ․ Հիշեցնենք նաեւ, որ «Հրապարակ»-ը ժամանակին մի քանի անդրադարձ կատարել է ԱՆԻՖ-ի գործունեությանը` ե՛ւ հիմնադրամում վճարվող աստղաբաշխական, չարդարացված աշխատավարձերին, ե՛ւ ազգային ավիափոխադրող ստեղծելու պրոցեսում կոռուպցիոն ռիսկերին, ինչի արդյունքում հիմնադրամը 3 դատական հայց է ներկայացրել «Հրապարակ»-ի դեմ: Դրանցից երկուսով մենք հաղթել ենք, մեկով քննությունը շարունակվում է, իսկ մեկով էլ Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի վճիռը եւ գործը նոր քննության ուղարկել:

Տեսանյութեր

Լրահոս