«Զինվորը հակառակորդին բան չունի ասելու. զինվորը հակառակորդին իր ասելիքն ասում է մարտի դաշտում». Հիշելով 2016թ. ռազմական և քաղաքական քայլերը
8 տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որն ընդունված է ասել «քառօրյա պատերազմ»:
Եվ չնայած դրանից առաջ եղել էին 2014 թվականի օգոստոսյան դեպքերը կամ օգոստոսյան մինի-պատերազմն Արցախի և ՀՀ-ի հատվածում, եղել էին նաև 2015 թվականի ադրբեջանական սադրանքները Տավուշի հատվածում, բայց 2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին հանրությունը կարծես թե «արթնացավ թմբիրից» և պատերազմի վտանգը շատ մոտ զգաց:
Իսկ արդեն ապրիլի 5-ին Ադրբեջանն ինքն էր 2016-ի ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել մարտական գործողությունների դադարեցում, ինչի մասին 2020թ. «5-րդ ալիք» հեռուստաընկերության ապրիլյան պատերազմի մասին «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի շրջանակում մանրամասներ էր հայտնել Ապրիլյան պատերազմի ժամանակ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը:
Հայկական կողմը հաղթեց այդ ճակատամարտը՝ 400 հա տարածքային կորստի (19 դիրք, մակերեսային միավորով արտահայտված՝ մոտ 400 հա) և 75 նվիրյալների արյան գնով, բայց կարողացավ ձախողել Ադրբեջանի գլխավոր խնդրի իրագործումը՝ Արցախի հետ կապված, ինչը թույլ տվեց մեզ 2016 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ զինված ուժերի զորահանդես կազմակերպել Երևանի Հանրապետության հրապարակում:
Հավելենք, որ ապրիլի 2-5-ը հայկական կողմն ունեցել է 75 զոհ (63 զինծառայող, 12 պահեստազորային), 121 վիրավոր, շարքից դուրս է եկել 14 տանկ (որից 6-ը վերականգնվել է և նորից վերադարձվել շարք) և մի քանի ավտոմոբիլային տեխնիկա: Իսկ ապրիլի 6-30-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է ևս 13 զոհ, որից 8-ը՝ զինծառայող, 5-ը՝ պահեստազորային:
Եվ այսօր ՀՀ նախկին իշխանությունները հպարտությամբ են հիշել այդ օրը՝ բարկությամբ արձանագրելով, որ Ապրիլյան պատերազմի հաղթանակներն ու հերոսները մոռացության են մատնվել այսօր, և, որ Նիկոլ Փաշինյանն իշխանափոխությունից հետո զրոյացրեց 2016-ի ապրիլին Հայոց բանակի հաղթանակը և դրան հաջորդած դիվանագիտական ձեռքբերումները: Իրականում Փաշինյանը մոռացության է մատնել և փոշիացրել և պատրաստ է փոշիացնել ոչ միայն Արցախյան առաջին պատերազմի, այնուհետև 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ռազմական և դրանց հաջորդած դիվանագիտական հաղթանակները, այլև իր իշխանության օրոք բանակի ռազմական և մարտական հաջողությունները:
2023 թվականի հուլիսին 168.am-ը գրել էր, որ Փաշինյանն անցյալում է թողնում հուլիսյան հաղթանակը: 2023 թվականի հուլիսի 13-ի կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը չէր հիշել ո՛չ հուլիսյան մարտերը, ո՛չ այդ ժամանակ հաղթանակած 3-րդ բանակային կորպուսին, ո՛չ զոհերին, ո՛չ 71 պարգևատրվողներին, ո՛չ էլ հուլիսյան հաղթանակի տրամաբանության մեջ Ազգային հերոս դարձած Ռուբեն Սանամյանին: Իսկ հուլիսի 13-ին Վահագն Խաչատուրյանը որոշել էր այցելել Տավուշի մարզի զորամասերից մեկը, բայց պաշտոնական հաղորդագրության մեջ դարձյալ որևէ հիշատակում չկար հուլիսյան մարտերի և 3-րդ բանակային կորպուսի իրականացրած գործողությունների մասին:
Փոխարենը՝ հուլիսի 12-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չէր կաշկանդվել Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում: Մենք նաև ուշադրություն էինք հրավիրել մի փաստի վրա. հուլիսյան մարտերի ժամանակ ղեկավար պաշտոն զբաղեցրած բոլոր անձինք, ըստ էության, այսօր մեկուսացված են, զինված ուժերում չեն: Այսինքն, այդ օրերի ռազմական ղեկավարները՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ Գրիգորի Խաչատուրովը հեռացված են զինված ուժերից: Իսկ առաջիկայում հուլիսյան հաղթանակներից առաջ և հետո 3-րդ բանակային կորպուսի դիրքային հաղթանակների զրոյացումն է, որպեսզի Ադրբեջանին սահմանազատման և սահմանագծման գործընթացի անվան տակ հանձնվեն Տավուշի տարածքները՝ ռազմավարական նշանակության ճանապարհներ, դիրքեր:
Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո շեշտը դրեց ոչ թե բանակի, հրամանատարության, սպաների հերոսական դրվագների վրա, այլ դասալքության և «դավաճանության» դեպքերի, իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին անկրակոց հանձնեց Քարվաճառը, Աղդամը, Լաչինը, հետո նաև՝ ինչ մնացել էր, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի սիրում, երբ բանակը հաղթում է, որովհետև հաղթած բանակը սպառնալիք է Փաշինյանի համար: Փաշինյանը չի սիրում հաղթողներին և հաղթանակներ, եթե անգամ դրանք իր օրոք են արձանագրվել:
Այսինքն, 2016 թվականի հաղթանակը բացառություն չէր: Այո, Փաշինյանը չի սիրում հաղթողներին, չի սիրում, երբ հայկական բանակը հաղթում է, երբ հայ գեներալը հաղթում է, կամ հայկական բանակը, երկիրը ղեկավարում են հաղթածները, ինչպես Ալիևը չի սիրում, ուստի այսօր 2016 թվականի Ապրիլյան պատերազմում հաղթանակ կերտած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտում՝ Բակո Սահակյան, Լևոն Մնացականյան, իսկ ՀՀ ռազմական և քաղաքական ղեկավարների դեմ Փաշինյանն իշխանափոխությունից հետո տարբեր ժամանակներում քրեական գործեր հարուցեց քաղաքական հետապնդման տրամաբանության մեջ՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրով, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, Ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյան:
Ավելին, զարմանալի զուգադիպությամբ, Ապրիլյան պատերազմում իրենց լավ դրսևորած զինվորականները և սպաները 44-օրյա պատերազմում ձախողեցին, և նրանք անցնում են տարբեր քրեական գործերով: Էլ չասենք, որ այսօր գոյություն չունի Ապրիլյան քառօրյան հաղթած Արցախի Պաշտպանության բանակը:
Չմոռանանք նաև, որ այսօր Ադրբեջանի բանտում գտնվող ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը 2018 թվականի դեկտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանի հրահանգով հեռացվեց, իսկ Յուրի Խաչատուրովը 2018-ի նոյեմբերին հետ կանչվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:
Իսկ 2016-ի ապրիլին հայկական կողմը հաղթեց ճակատամարտը, որովհետև կար այն գիտակցումը, որ պետությունն է վարում պատերազմը, իսկ բանակը կռվում է մարտի դաշտում:
Այսինքն, համարձակ քայլեր էին արվում մարտի դաշտում, համարձակ հայտարարություններ և զգուշացումներ էին արվում դիվանագիտական դաշտում կամ երկրի ղեկավարության կողմից: Մասնավորապես, 2016 թվականի ապրիլի 4-ին Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ, որի ընթացքում, մասնավորապես, շեշտել էր.
«Հայաստանի Հանրապետությունը` որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտականությունները: Ավելին, ես հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Եվ այստեղ պետք է նշեմ՝ մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:
Այնուհետև Սերժ Սարգսյանը զգուշացրել էր.
«Մարտական գործողությունների հետագա սաստկացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի և անդառնալի հետևանքների՝ ընդհուպ մինչև լայնածավալ պատերազմի: Սա, բնականաբար, կազդի ոչ միայն հարավկովկասյան, այլև եվրոպական տարածաշրջանի անվտանգության ու կայունության վրա:
Ակնհայտ է, որ թե ռազմական գործողությունների դադարեցումը և առհասարակ, հիմնախնդրի խաղաղ կարգավորումը բխում են նաև եվրոպական երկրների շահերից: ԵԱՀԿ-ին՝ որպես Եվրոպայի անվտանգության ապահովման երաշխավորման գործում առանցքային դերակատարություն ունեցող կառույցի, այս հարցում առանձնակի դեր է վերապահված:
Ցավոք, հայկական կողմի բազմաթիվ կոչերն առ այն, որ Ադրբեջանը վաղ թե ուշ գերի է դառնալու հայատյացության իր իսկ հռետորաբանությանն ու նոր զինված արկածախնդրություն է սանձարձակելու, և պետք է հնարավոր միջոցներով զսպել ագրեսորին, չտվեցին ցանկալի արդյունք: Երբ Ադրբեջանը հպարտանում էր մեծաքանակ սպառազինությունների ձեռքբերումներով, միջազգային հանրությունը լուռ էր կամ գրեթե լուռ էր:
Երբ ամենաբարձր մակարդակով հայտարարվում էր ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու մասին, միջազգային հանրությունը գրեթե լուռ էր: Երբ Ադրբեջանը վարկաբեկում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը և հրաժարվում վստահության ամրապնդման մեխանիզմներ ստեղծել, միջազգային հանրությունը կրկին լուռ էր ու այսօր էլ լուռ է, երբ Ադրբեջանը կիրառում է իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր զինատեսակները, գնդակոծում խաղաղ բնակչությանը: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ ընդամենը րոպեներ առաջ առաջին անգամ ադրբեջանական զինված ուժերը կիրառեցին ծանր հրանետ, ռուսերեն բառը օգնեմյոտ է կոչվում, և դրա տիպը, զինատեսակը կոչվում է «Տոս-1»: Իսկ երբ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հակազդում է իրեն անգամներ գերազանցող Ադրբեջանի բանակին, նրան կոչ են անում «ցուցաբերել զսպվածություն»… Որպես ԵԱՀԿ անդամ երկիր՝ Հայաստանն անհրաժեշտ է համարում կոչ անել ԵԱՀԿ բոլոր անդամ երկրներին՝ լինել սկզբունքային իրենց դիրքորոշումներում: Եթե առկա է կամք և ցանկություն՝ շտկել իրավիճակը, ապա հարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ և պարտադրել Ադրբեջանին հարգել 1994թ. զինադադարի ռեժիմը»:
Սրանից մեկ օր առաջ՝ 2016-ի ապրիլի 3-ին, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանությունների ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հստակ հայտարարել էր. «Հայկական կողմը պատրաստ է ցանկացած զարգացման, անհրաժեշտության դեպքում՝ ընդհուպ մինչև ուղղակի ռազմական աջակցության ԼՂՀ պաշտպանությանը»:
Իսկ Սերժ Սարգսյանը 2016 թվականի ապրիլի 19-ին Արցախում, երբ պարգևատրում էր Ապրիլյան պատերազմի հերոսներին, մի շատ կարևոր բան էր ասել.
«Զինվորը հակառակորդին բան չունի ասելու. զինվորը հակառակորդին իր ասելիքն ասում է մարտի դաշտում»:
Իսկ ինչ է անում այսօր Նիկոլ Փաշինյանը, բանակին ստիպում է չկատարել իր սահմանադրական պարտականությունները, այլ առաջ տանել իր քաղաքական օրակարգը, կրել Փաշինյանի քաղաքական որոշումների հետևանքները, եթե անգամ դրա համար պետք է օրենք խախտել:
Արդեն 2016 թվականի սեպտեմբերին՝ Հանրապետության հրապարակում Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ զինված ուժերի զորահանդեսի շրջանակում Սերժ Սարգսյանը մեկ այլ կարևոր միտք էր հնչեցրել. «Ազատությունն ու անկախությունը պաշտպանության կարիք ունեն ոչ միայն արտաքին սպառնալիքներից»:
Այսօր, երբ ապրում ես Փաշինյանի ստեղծած «ժողովրդավարության բաստիոնում», այս խոսքերն առավել քան արդիական են թվում: Այլ հարց է, որ Փաշինյանի նմանների հանդեպ գուցե պետք չէր շատ ժողովրդավար լինել… Բայց Հայաստանն Ադրբեջանին մաքուր պայքարում հաղթում էր նաև այս առումով: Ինչո՞ւ մաքուր պայքարում, որովհետև այսօր Հայաստանը իրականում հետընթաց ունի ժողովրդավարության, մարդու իրավունքների և խոսքի ազատության պահպանման հարցում, բայց դա միջազգային հանրությունը չի նկատում, այդպես է պետք: Ադրբեջանինն էլ, եթե նկատում են, դա ոչ մի դեր, մեծ հաշվով, չի խաղում, ուստի հիմնականում Հայաաստանին են պարտադրում, եթե անգամ այդ պարտադրանքի լեզուն «քաղցր» է և խոստումնառատ…
Իսկ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո նախկին իշխանություններն ինչ-ինչ հետևություններ արել էին, ինչի մասին վկայում էր նաև ԶՈՒ զարգացման 7-ամյա ծրագիրը։ Գուցե կադրային որոշ սխալներ եղան նաև Ապրիլյանից հետո, բայց, այնուամենայնիվ, վերանայումներ եղան…