
Իսպանիայի կառավարությունը մերժել է Կատալոնիայում հանրաքվե անցկացնելու առաջարկը

Իսպանիայի կառավարությունը չի կիսում Կատալոնիայի անկախության վերաբերյալ նոր հանրաքվեի առաջարկը, որը ներկայացրել է ինքնավար երկրամասի ղեկավար Պերե Արագոնեսը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է կառավարության խոսնակ Պիլար Ալեգրիան։
«Արագոնեսի արտահայտած դիրքորոշումը նրա դիրքորոշումն է, բայց դա ոչ մի կերպ կառավարության, և, իհարկե, կատալոնական հասարակության մեծամասնության ընդհանուր դիրքորոշումը չէ», – նախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է կառավարության խոսնակը։
Ալեգրիան ասել է, որ առաջարկն արվել է մայիսի 12-ին կայանալիք Կատալոնիայի ընտրությունների համատեքստում և ընդգծել, որ դա արմատապես հակասում է Իսպանիայի հետ Կատալոնիայի միասնությանը, վերամիավորմանն ու առաջընթացին ուղղված քաղաքականությանը, որին երկրի իշխանությունները հետամուտ են եղել վերջին տարիներին։
Ավելի վաղ Արագոնեսը կոչ էր արել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել մայիսի 12-ին։ Նա տվյալ որոշումը կայացրել էր այն պատճառով, որ ինքնավար երկրամասի խորհրդարանը մերժել էր 2024 թվականի բյուջեն։