Վրաստանի Ազգային բանկը զգուշացնում է հերթական խարդախ սխեմայի մասին
Վրաստանի ազգային բանկի (ԱԲ) տվյալներով, վերջին շրջանում խարդախության դեպքեր են գրանցվել, որոնք իրականացվում են հատուկ ծրագրերի (այդ թվում՝ AnyDesk) կիրառմամբ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Մասնավորապես, ըստ ԱԲ-ի՝ տարբեր մեթոդների միջոցով՝ գովազդային օղակներ, սոցիալական ճարտարագիտություն, փողի ներդրման դիմաց խոստանալով բարձր եկամուտներ և այլ մեթոդներ, օգտատերերին դրդում են ներբեռնել և տեղադրել հատուկ ծրագրեր/հավելվածներ իրենց էլեկտրոնային սարքերում, ներառյալ բջջային հեռախոսի սարքերում, որոնք խարդախներին հնարավորություն են տալիս տվյալ սարքերով, այդ թվում՝ «մոբայլ բանկինգից», այսպես կոչված՝ SMS հաղորդագրությունների միջոցով հեռակառավարել և ազդել դրանց վրա։
«Եղել են նաև դեպքեր, երբ, հաշվի առնելով վերը նշվածը, խարդախները կարողացել են օգտատիրոջ անունից ակտիվացնել վարկ/կրեդիտ, ժամկետից շուտ դադարեցնել ավանդները և միջոցներ փոխանցել տարբեր հաշիվների, այդ թվում՝ վիրտուալ ակտիվների ձեռքբերման համար։
Վրաստանի ազգային բանկը հորդորում է քաղաքացիներին հատուկ ուշադրություն և զգուշություն ցուցաբերել ինտերնետ/վիրտուալ տարածքում տարածված առաջարկներին, ինչպես նաև իրենց անձնական, այդ թվում՝ ֆինանսական տվյալների հրապարակման ժամանակ։ Առաջին հերթին փնտրեն առաջարկը տարածող ընկերության հավաստիության և գործունեության վերաբերյալ տվյալներ, և եթե ընկերությունն առաջին հայացքից վստահելի և ծանոթ է, ստուգեն առաջարկի իսկությունը ընկերության հետ»,- նշված է ԱԲ-ի հաղորդագրության մեջ։