Դաղստանում ձերբակալված ահաբեկիչները գումար և զենք են մատակարարել «Կրոկուս»-ի վրա հարձակվողներին․ ՌԴ ԱԴԾ
: Դաղստանում հատուկ գործողության ընթացքում ձերբակալված օտարերկրյա քաղաքացիների ահաբեկչական խմբի անդամները գումար և զենք են մատակարարել «Կրոկուս սիթի հոլ»-ի վրա հարձակում իրականացրած ահաբեկիչներին, ինչպես նաև իրենք են ահաբեկչություն նախապատրաստել Դաղստանի Կասպիյսկ քաղաքում մարդկանց զանգվածային հավաքների վայրերում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հասարակական կապերի կենտրոնում։
«Մարտի 31-ին Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն Դաղստանի Հանրապետությունում կասեցրել է չորս օտարերկրյա քաղաքացիներից բաղկացած ահաբեկչական բջջի գործունեությունը, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստել Կասպիյսկում մարդկանց զանգվածային հավաքների վայրերում, – հայտնել են ԱԴԾ-ում: – Պարզվել է նաև, որ ձերբակալված զինյալներն ուղղակիորեն մասնակցել են մարտի 22-ին Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչություն իրականացնողների ֆինանսավորմանը և ահաբեկչության միջոցների տրամադրմանը»:
Ինչպես նշել են ԱԴԾ-ում, Դաղստանում «հանցագործները կատարել են տարածքի հետախուզում, պատրաստել են ինքնաշեն պայթուցիկ սարք և ձեռք բերել ավտոմատ զենք»։ Ահաբեկչությունից անմիջապես հետո նրանք մտադրվել են անհապաղ մեկնել Ռուսաստանից։
Ավելի վաղ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, որ մարտի 31-ի գիշերը Մախաչկալայում և Կասպիյսկում ԱԴԾ հատուկ նշանակության ջոկատայինները մի քանի բնակարաններում մեկուսացրել են զինված անձանց, որոնք ներգրավված են ահաբեկչական գործունեության մեջ։ Առավոտյան ձերբակալվել են երեք զինյալներ, որոնց մոտ հայտնաբերվել են ավտոմատ զենք, զինամթերք և կիրառման պատրաստ ինքնաշեն պայթուցիկ սարք: