Բաժիններ՝

Լիբիայի վարչապետի նստավայրը գնդակոծությունների է ենթարկվել

Լիբիայի վարչապետ Աբդելհամիդ Դբեյբայի նստավայրը մարտի 31-ին գնդակոծությունների է ենթարկվել հակատանկային ռեակտիվ նռնակներով. ոչ ոք չի տուժել։ Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է երկրի նախարարներից մեկը, որի անունը չի նշվում։

Նախարարը հայտնել է, որ հարձակումը միայն նյութական վնասներ է պատճառել։

Երկու քաղաքացիներ հայտնել են, որ ուժգին պայթյուններ են լսել Տրիպոլիի հարուստ թաղամասերից մեկում, որտեղ էլ գտնվում է վարչապետի նստավայրը։ Պայթյուններից հետո, ըստ ականատեսներից մեկի, տարածքում տեղակայվել են մեծաթիվ անվտանգության ուժեր։

Լիբիայում գործում է երկու կառավարություն, որոնք չեն ճանաչում միմյանց: Առաջինը ՄԱԿ-ի աջակցությամբ և Դբեյբայի գլխավորությամբ գործում է Տրիպոլիում: Երկրորդը, որն օժտված է Ներկայացուցիչների պալատի լիազորություններով, տեղակայված է Բենգազիում. այն ղեկավարում է Ուսամա Համադը:

2011 թ. Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո այդ երկիրը դադարել է գործել որպես միասնական պետություն։ Վերջին մի քանի տարվա ընթացքում դիմակայություն է եղել երկրի արևմուտքում Տրիպոլիի և արևելքի իշխանությունների միջև, որոնց աջակցել է Լիբիայի ազգային բանակը` մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ: 2021 թ. Ժնևում Լիբիայի քաղաքական երկխոսության ֆորումը` ՄԱԿ-ի հովանու ներքո, անցումային գործադիր իշխանություն է ընտրել մինչև համընդհանուր ընտրությունները, որոնք մինչև այժմ չեն անցկացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս