Բոլորի՞ս է հասնում․․․ Ավետիք Իշխանյան

Այսպիսով, հերթը հասավ Գրողների միության շենքին։ Բուհերի, գիտական հաստատությունների շենքերի հետ միասին, վաճառքի կհանվեն նաև ստեղծագործական միությունների շենքերը։Սակայն, սա այն դեպքն է, որ ուզում ես ասել՝ հասնում է։ Ու՞ր էիք, դու՛ք, նկարիչներ, երգահաններ, թատերական գործիչներ և հատկապես՝ գրողներ, 2020 թվականի խայտառակ պարտությունից, և 2023 թվականի Արցախի ցեղասպանությունից ու կորստից հետո։ Այո՛, հայ ժողովրդի համար այդ ողբերգական օրերին, ձեր, որպես ստեղծագործական մտավորականության ձայն-ծպտունը չէր լսվում։ Ավելին, ձեզնից ոմանք, ինչպես Գրողների Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը 2022 թվականին լայն ժպիտը դեմքին հյուրընկալվեց Հայաստանի պսևդոնախագահի «լիազորությունները» կատարող․ աշխարհի ամենաերջանիկ մարդ՝ ԱԺ խոսնակին։ Հատկապես, 2020 թվականից հետո բոլոր ստեղծագործական միությունները համատեղ պետք է պահանջեին Արցախն ուրացած, դավաճան իշխանության հրաժարականը, իրենց հայտարարություններով հանգիստ չտային նրանց։

Ստեղծագործական միությունների դահլիճները, և նորից՝ հատկապես Գրողների Միության դահլիճը պետք է անվճար տրամադրվեին ընդդիմադիր ուժերին տարբեր քննարկումների համար, որոնց ակտիվ պետք է մասնակցեին բոլոր ստեղծագործ-մտավորականները՝ շտապեցնելով քաղաքական ընդդիմությանը, դիմելու վճռական գործողությունների։ Ավելին, Գրողների Միությունը պետք է դառնար ընդդիմության միասնական շտաբ։ Եվս մեկ հարց․ իսկ նույն ստեղծագործական միությունների ձայնը լսվե՞ց, երբ պարզվեց, որ վաճառքի են հանվում բուհերի շենքերը, էլ չասենք նրանց լռության մասին, երկրում մոլեգնող քաղաքական հետապնդումների ֆոնին։

Այժմ, փորձենք գնահատկան տալ, թե ինչ է իրականում կատարվում։ Վարչապետ կոչեցյալը ողջ Հայաստանը, իր բնական պաշարներով, քաղաքներով և գյուղերով, շենք-շինություններով համարում է իր ընտանիքի սեփականությունը (Հայաստանն իմ օջախն է) և պատրաստ է այդ ամենը վաճառել, հանուն նույն իր ընտանիքի նյութական բարօրության։ Ուղղակի անիմաստ է լուրջ քննարկել, այսպես կոչված ակադեմիական քաղաքի, իրականում՝ բենդերական Նյու-Վասյուկիի մասին։ Վարչապետ կոչեցյալը բացարձակապես զուրկ է պետական մտածողությունից, ազգային ավանդույթներից, նրա համար ամեն ինչ վաճառքի ենթակա է, այդ թվում ՝ հայրենիքը։ Նրա ամեն գործողություն պետք է այդ տեսանկյունից դիտարկել, ոչ միայն բուհերի, գիտական հիմնարկների և ստեղծագործական միությունների շենքերի, այլև Արցախի արդեն կայացած և Հայաստանի տարածքների սպասվելիք վաճառքը։Եթե այս ամենին գումարենք նաև վարչապետ կոչեցյալի կիսագրագետ կերպարը և դրանից բխող ներքին ատելությունը կրթված, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող մարդկանց նկատմամբ, ամեն ինչ իր տեղն է ընկնում։

Եվ ամենազարմանալին այն է, որ այս ամենը, վարչապետ կոչեցյալն իրականացնում է, ունենալով հավատարիմ-հնազանդ ստրուկ-համախոհներ, հանձին քպ-ականների, նախարարների, իրավապահ կոչվող խղճուկների, ինչպես նաև տարբեր մաստի հասարակական գործիչների։ Ուղղակի ապշեցուցիչ է, թե այսքան դավաճաններ որտեղի՞ց հայտնվեցին։ Բայց, եկեք ընդունենք, որ վարչապետ կոչեցյալի իրական ուժը, ոչ թե, կամ ոչ այնքան, այդ բարձր վարձատրվող ստրուկներն են, այլ, ինչպես նշեցի մտավորականների լռությունը, ինչպես նաև ընդդիմադիր ուժերի պառակտվածությունն ու անվճռականությունը։ Այսպես շարունակվելու դեպքում, ինչպես վերը նշեցի, ոչ միայն Գրողների միությանը, այլև բոլորիս է հասնում․․․

Ավետիք Իշխանյան

Տեսանյութեր

Լրահոս