Բաժիններ՝

Ինչպե՞ս են նշում Հարության տոնն աշխարհի տարբեր երկրներում

Հիսուս Քրիստոսի հարության տոնը խորհրդանշում է լույսի հաղթանակը խավարի նկատմամբ։ Այն գարնան, զարթոնքի, վերածննդի խորհրդանիշ է, ուստի, այս կարևոր տոնը նշում են աշխարհի բոլոր քրիստոնյաները և ամենուր այն նշվում է յուրատեսակ ավանդույթներով, սովորույթներով, որոնցից մի քանիսը կներկայացնենք ստորև:

Հայաստանում Զատկի յուրահատուկ ավանդույթներ կան։ Այս տոնի պաշտամունքային պատմությունը շատ երկար է, քանի որ Հայաստանն առաջին երկիրն էր, որը 301 թ․ քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն։ Զատիկը հայ առաքելական եկեղեցու ամենապայծառ և հանդիսավոր տոներից է։

Այն շարժական տոն է, այսինքն՝ տոնակատարության օրն ամրագրված չէ, և տարբերվում է ամեն տարի: Տոնը միշտ նշվում է մարտի 22-ից մինչև ապրիլի 26-ն ընկած 35 օրերի
ընթացքում:

Քրիստոնեական բոլոր եկեղեցիները նշում են Հիսուս Քրիստոսի հարության տոնը։

Սուրբ Զատիկից առաջ բոլոր հավատացյալները քառասնօրյա պահք են պահում, որպեսզի մաքրեն իրենց մարմինն ու հոգին այնպես, ինչպես Քրիստոսը։ Շաբաթ երեկոյան՝ սուրբ պատարագի ավարտին, բոլոր հավատացյալները միմյանց ողջունում են Քրիստոսի հարության առթիվ, իսկ կիրակի երեկոյան հանդիսավոր պատարագով սկսվում է Զատկի իսկական
տոնակատարությունը:

Զատկի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ինչպես նաև այլ տաճարներում հատուկ պատարագ է մատուցվում:

Շաբաթ երեկոյան վառվում է սուրբ լույսը, որ մարդիկ պետք է իրենց հետ տուն տանեն։ Պարտադիր չէ, որ բոլոր մարդիկ այս լույսը վերցնեն եկեղեցուց, դա կարող է անել ընտանիքի մեկ անդամը։ Գլխավոր նպատակը սուրբ լույսի մոմը տուն հասցնելն է։

Լեհաստանում, օրինակ, Զատիկը տոնում են երկու օր: Սեղանի շուրջ հավաքվում են ընտանիքի բոլոր անդամները, իսկ տոնական ընթրիքը սկսվում է աղոթքով: Նախաճաշին ուտում են օրհնված ձու, ծովաբողկ, միս և այլն: Զատկի կիրակիին Լեհաստանում հաջորդում է, այսպես կոչված, «Թաց երկուշաբթին»: Հաջորդ օրը լեհերն իրար վրա ջուր են շաղ տալիս ու համարում, որ սա մաքրում է նրանց մեղքերից։

Ի տարբերություն Լեհաստանի՝ Ավստրալիայում  Զատկի տոնական օրերի թիվը 4-ն է։ 4 օրյա տոնակատարությունը սկսվում է Ավագ Ուրբաթ և ավարտվում երկուշաբթի։ Ավստրալիայում, ինչպես և ողջ աշխարհում, շատ հայտնի են զատկական ձվերը` պատրաստված շոկոլադից կամ շաքարավազից, իսկ տոնի խորհրդանիշը ոչ թե ավանդական նապաստակն է, այլ տեղական բիլբի կենդանին: Սա այն պատճառով, որ ճագարները Ավստալիայում ոչնչացնում են բերքը, ոչնչացնում հողի փոքրիկ բնակիչներին: Տոնի ճաշացանկը կազմում է տապակած գառան, տավարի կամ հավի միսը` բանջարեղենով: Այնուհետ մատուցվում է ավանդական ավստրալական քաղցր կերակուրը` բեզեով տորթը:

Հունաստանի որոշ հատվածներում Զատիկի օրը պատուհանից դեն են նետում հին սպասքը` թավաները, կուժերը եւ այլն: Ինչ-որ չափով այս ավանդույթը նման է Վենետիկի Ամանորյա ավանդույթին, երբ պատուհանից դեն են նետում հին իրերը:

Ֆրանսիացիները Զատկից մի քանի շաբաթ առաջ սկսում են զարդարել խանութները սպիտակ և մոխրագույն շոկոլադե նապաստակներով, հավերով, ձկներով և զանգակներով։ Հետաքրքրական է, որ նապաստակները և հավերը համարվում են Զատիկի «միջազգային» խորհրդանիշներ, իսկ ձուկն ու զանգերը կարելի է հանդիպել միայն Ֆրանսիայում: Ֆրանսիայում Զատկի ձուկը կոչվում է «Poisson d’Avray» (թարգմանաբար «ապրիլի ձուկ»)։ Շատ խանութներից կարելի է գնել «ձկան շոկոլադներ»։ Ֆրանսիայում «Թռչող Զանգակը» ևս Զատկի կարևոր ավանդույթներից է համարվում։ Ըստ լեգենդի՝ Ֆրանսիայում բոլոր եկեղեցական «թռչող զանգերը» մինչ Զատիկը հրաշքով հասնում են Վատիկան, և վերադառնում ֆրանսիացիների տները տոնի առավոտյան։ Զանգերն իրենց հետ բերում են շոկոլադե ձվեր, որոնց անհամբեր սպասում են երեխաները։

Երուսաղեմում մարդիկ ուրբաթ օրը քայլում են այն ճանապարհով, որով Հիսուսն է անցել իր խաչվելու օրը: Որոշ մարդիկ իրենց ուսերին Խաչ են կրում` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս