Արևմուտքը հրաժարվո՞ւմ է ՀՀ անվտանգությունից
ՀՀ արտաքին քաղաքական որոշումներն ու զարգացումները հանգեցնում են աշխարհաքաղաքական կենտրոնների միջև հեռակա բանավեճի։
Ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-դեր Լայեն-Բլինքեն հանդիպումն անհանգստացնում է ռեգիոնալ բոլոր երկրներին, հատկապես՝ Բաքվին և Մոսկվային, որոնք վերջին օրերին հրապարակային մեկնաբանություններով հանդես եկան։ Արևմտյան երկրները, մասնավորապես, թե ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերը, թե ԵՄ խոսնակ Պիտեր Ստանոն արձագանքեցին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳ նախարարության արտահայտած անհանգստություններին։ Ի պատասխան Մոսկվայի արտահայտած անհանգստությունների՝ Միլլերն ասել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում անհանգստությունները, որոնց մենք ականատես ենք լինում տարածաշրջանում, Ռուսաստանի գործողությունների հետևանք են։ Նախօրեին ամերիկացի դիվանագետն անդրադարձել էր նաև Բաքվի անհանգստություններին։ Սակայն Բաքվի դեպքում նա փորձել էր փարատել մտահոգությունները՝ նշելով, որ բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ այն աշխատում է առևտրային կապերը դիվեսիֆիկացնելու և հումանիտար կարիքները լուծելու ուղղությամբ, և ուրիշ ոչինչ:
Իսկ Եվրամիության դիվանագիտական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին ի պատասխան՝ փակագծեր է բացել Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված հանդիպման օրակարգից։
Եվրոպացի պաշտոնյան պնդել է՝ այդ բանակցությունները նվիրված չեն «անվտանգության երաշխիքներին»։
«Ճիշտ չէ, որ նիստը նվիրված է լինելու «անվտանգության երաշխիքներին։ Այն, բացի ԵՄ/ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերություններից, այլ հարցեր չի քննարկի։ Այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվի։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացած կլինի Հայաստանի տնտեսության կայունացմանը և այդ երկրի հետ երկկողմ հարաբերությունների վրա»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նման ձևակերպումներ է արել խոսնակ Ստանոն։
168․am–ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին հորդորում է չսևեռվել այն հանգամանքի վրա, որ արևմտյան դիվանագետները հրապարակայնորեն բացառում են անվտանգության բաղադրիչը և երաշխիքները։
Վերլուծաբանի կարծիքով՝ ՀՀ-ն և Արևմուտքը գտնվում են հարաբերությունների քննարկման ամենավաղ փուլում, իսկ անվտանգության հարցերը, առավել ևս՝ երաշխիքները, այդ փուլում չեն քննարկվում։
Նրա խոսքով, նախ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, որը ՆԱՏՕ անդամ երկրների համար հակառակորդ միավորում է, ուստի ԵՄ-ն այս փուլում ՀՀ-ի հետ անվտանգության հարցեր ուղիղ չի կարող քննարկել ոչ միայն այս, այլ նաև այն պատճառով, որ ԵՄ-ն անվտանգային կառույց չէ։ Սակայն, նրա խոսքով, տնտեսական ոլորտում համագործակցության խորացումը կարող է նպաստել անվտանգության ամրապնդմանը։
«Մենք անում ենք ստանդարտ ձևակերպումներ՝ տեսնելով այլ երկրների ու Արևմուտքի հարաբերությունների զարգացման օրինակը, սակայն յուրաքանչյուր երկիր իր առանձնահատկությունն ու խնդիրներն ունի, իսկ ՀՀ-ին հարկավոր են անվտանգության երաշխիքներ հենց այս փուլում, երբ ՌԴ-ն չի ներկայանում այլևս որպես երաշխավոր, կամ ՀՀ-ն չի ցանկանում, որպեսզի ՌԴ-ն այդ դերակատարությունն ունենա։ Տպավորությունը, որ Արևմուտքը փորձում է չվանել Ադրբեջանին Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ, ճիշտ է, քանի որ Ադրբեջանի հետ Արևմուտքը համագործակցության բավականին լայն ու անհրաժեշտ դաշտ ունի։ Սակայն Ադրբեջանը չմիավորման, այսինքն՝ չեզոք երկրի քաղաքականություն է վարում, իսկ ՀՀ-ն կարծես վերջնականապես կողմնորոշվել է դեպի Արևմուտք։ Եվ ներկայումս կարծես «գնդակն արևմտյան դաշտում է», խնդիրն այն է՝ աջակցե՞լ Հայաստանին, թե՞ դա փաթեթավորել այնպես, որպեսզի ՀՀ-ի համար խնդիրներ չառաջանան։ Կարծում եմ՝ դրանով է պայմանավորված զգուշավոր արտահայտություններն անվտանգության ոլորտի մասին։ Սակայն բոլորի համար պարզ է, որ եթե հարաբերությունները խորանում են, դա չի կարող շրջանցել անվտանգության ոլորտը՝ հատկապես այնպիսի երկրի դեպքում, ինչպիսին ՀՀ-ն է, որի համար անվտանգությունն ունի առանցքային նշանակություն դեռևս»,- ասաց վերլուծաբանը։
Նրա կարծիքով, եթե Արևմուտքից ներդրումներ գան ՀՀ, տնտեսական խոչընդոտները վերանան, ապա դա ինքնին կնպաստի անվտանգությանը, քանի որ ՀՀ-ն ավելի շատ ռեսուրս կունենա այդ ոլորտը զարգացնելու համար։
Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ անվտանգության երաշխիքը, երկկողմ հարաբերությունները համակարգային երևույթ է, որն առնչվում է ոչ միայն զուտ ռազմական բաղադրիչին, այլև քաղաքական երաշխիքներին։
Նրա խոսքով՝ քաղաքական երաշխիքներից բխում են անվտանգային երաշխիքները։
Ըստ վերլուծաբանի՝ եթե Արևմուտքը հեռու է մնում զուտ անվտանգային երաշխիքներից, նշանակում է, որ քաղաքական պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն ևս չկա Հայաստանի վերաբերյալ։ Սակայն, նրա կարծիքով, ՀՀ-ին ՌԴ-ից կտրելու հարցում մեծ շահ կա, հենց այդ պատճառով արվում է ամեն բան՝ ցույց տալու համար, որ ՀՀ-ն ճիշտ է վարվում, և Արևմուտքի հետ հարաբերությունները խորանում են։
«Արևմուտքն իր անձնական հակառուսական և հակաիրանական շահն է առաջ մղում, այդ պատճառով հենց ՌԴ արձագանքներն են ավելի սուր մեկնաբանությունների արժանանում, իսկ Բաքվի դեպքում՝ ոչ, թեև Բաքվի արձագանքն ավելի սուր էր, քան ՌԴ-ինը։ Ուստի, կարծում եմ, Արևմուտքն ընդհանուր առմամբ չի ստում, այո՛, փորձ կարվի տնտեսական որոշ առավելություններ ցույց տալ այս հանդիպումից հետո, սակայն քաղաքական-անվտանգային երաշխիքներ՝ ոչ»,- ասաց նա։