ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն իրազեկել է ԲԴԽ-ին, որ մտնում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ քննչական գործողությունների։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ իրազեկելուց հետո մտել են դատարան, քննչական գործողություններ են կատարել։ Ավելին՝ ըստ լուրերի՝ գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը՝ Նաիրա Գրիգորյանին եւս օգնականի մասով մի քանի հարցեր են տվել։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հաստատել էր ArmLur.am-ի տեղեկությունները, որ իրավապահները կալանավորել են Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականին։
Ըստ կոմիտեի՝ անձին ներկայացվել է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը։ Այլ տեղեկատվություն այս պահին հրապարակման ենթակա չէ։
Նշենք, որ դատավոր Նաիրա Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրն է»: