Միջազգային ատյաններում Ադրբեջանին նման հնարավորություն տվել է ՀՀ իշխանությունների քաղաքական վարքագիծը. Միջազգայնագետ
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել տավուշցի 18 անձանց նկատմամբ՝ նրանց մեղադրելով իբր թե 90-ականներին ադրբեջանցիների նկատմամբ հանցագործություններ իրականացնելու մեջ։
Միջազգային հետախուզումը հայտարարվեց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին մեկնեց Տավուշի մարզ, հանդիպեց սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, հայտարարեց որոշակի տարածքներ Ադրբեջանին հանձնելու մասին՝ սպառնալով, թե հակառակ դեպքում մեկ շաբաթ անց Ադրբեջանը պատերազմ կսկսի։
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը վտանգավոր նարատիվ է համարում այս երկու իրողությունները, որի առիթը, ցավոք, տվել է Հայաստանի իշխանությունը։
«Հայաստանի իշխանությունների քաղաքական վարքագիծը տանում է նրան, որ Ադրբեջանին հնարավորություն են տալիս միջազգային արտյաններում նման կերպ հանդես գալու։ Հատկապես այն դեպքում, երբ երկրի ղեկավարն ասում է, թե Հայաստանը միջազգային գանգատներից ու հայցերից հետ է կանգնելու, և միջազգային հանրությունը դրան ընկալումով կմոտենա։ Հասկանալի է, չէ՞, նման խոսույթը, նարատիվը ուր է տանելու, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե նույնիսկ Ադրբեջանը Հայաստանն անվանի «Արևմտյան Ադրբեջան», ինքը կխոսի խաղաղության օրակարգից։
Սա խոսում է այն մասին, որ որքան էլ Ադրբեջանը խոսի իր ծավալապաշտական նկրտումներից և առավելապաշտական ծրագրերից, ՀՀ իշխանությունը որդեգրել է, այսպես կոչված, խաղաղության օրակարգ, և ըստ այդ տրամաբանության՝ նրանք Ադրբեջանի ցանկացած նարատիվ փորձում են դիմագրավել խաղաղության օրակարգով, որն աբսուրդ է, կազուս ու ինքնախաբեություն»,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց միջազգայնագետը։
Նրա դիտարկմամբ՝ եթե Հայաստանում պետական մտածելակերպով ու ազգային իշխանություններ լինեին, ապա հարցը կդիտարկեին այն տրամագծով, որ եթե կա համաձայնություն, որ դելիմիտացիա ու դեմարկացիա պետք է իրականացվի, պետք է տեղի ունենա հստակություն քարտեզների շուրջ։ Բայց քարտեզների շուրջ առ այսօր չկա որևէ հստակեցում։
«Եթե քարտեզների շուրջ չկա համաձայնություն, որևէ տարածքի հանձնում, նույնիսկ 1 սմ տարածքի՝ հայկական կողմից, աբսուրդ է։ Ինքնախաբեություն եմ դիտարկում նաև որևէ տարածք ինչ-ինչ պատճառաբանությամբ հանձնելը։ Նախնական պայմանավորվածություն եղել է, որ Ալմա Աթայի հռչակագրի վերջին համաձայնագրերի համաձայն՝ նախատեսված քարտեզներով պետք է տեղի ունենա դելիմիտացիա ու դեմարկացիա, որից հետո Ադրբեջանը հրաժարվել է՝ ընդհուպ առաջարկել 33 տարբեր քարտեզներ, որտեղ տարբեր հատվածներում, տարբեր չափագրումներ են փորձում իրականացնել։ Կրկնում եմ՝ քանի հստակեցված ու կոնկրետացված չէ, թե որ քարտեզներով պետք է իրականացնեն դելիմիտացիա ու դեմարկացիա, որևէ տարածքի հանձնում դիտարկում եմ հակապետական քայլ»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Միջազգայանագետը կեղծ օրակարգ է համարում հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջ քաշվող խաղաղության օրակարգը։
«Լակմուսի թուղթ եմ համարում այն փաստաթուղթը, որը կարող է ստորագրվել ու անունը դրվել խաղաղության պայմանագիր։ Այն ձևական փաստաթուղթ է լինելու, քանի որ այնտեղ չեն կարող արտացոլվել երկու պետությունների և ժողովուրդների անկեղծ ցանկությունները, որ դրանով կարող է բացվել պատերազմը։ Խիստ կասկածում եմ, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հանգուցալուծումը կարող է այդ փաստաթղթով կանոնակարգվել»,- եզրափակեց Դավիթ Կարապետյանը։