Ադրբեջանցու հանձնումը քաղաքական որոշում էր՝ դրսում և երկրի ներսում ճիշտ դիրքավորվելու համար. Գրիգոր Մինասյան

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ չմեկնաբանեց Ադրբեջանի կողմից 18 տավուշցիների նկատմամբ հայտարարած հետախուզման վերաբերյալ հարցը, ընդգծելով՝ եթե լինեն իրավական գործընթացներ, ապա Հայաստանի միջազգային իրավական հարցերով գրասենյակը համապատասխան միջոցներ կձեռնարկի միջազգային հարթակներում Հայաստանի իրավունքները պաշտպանելու համար։

Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է՝ Հայաստանն էլ հայելային միջազգային հետախուզում հայտարարի, Գրիգոր Մինասյանը պատասխանեց, որ չի կարող ենթադրությունների դաշտ մտնել։

«Հաստատ կարող եմ ասել, որ մեր իրավական բլոկը, այստեղ, ԱԳՆ-ից բացի, ներգրավված է նաև միջազգային իրավական հարցերով գրասենյակը, բոլոր համաչափ իրավական գործընթացներն իրականացնում են։ Ինքներդ դրան ականատես եք լինում միջազգային դատական ատյաններում և այլ հարթակներում՝ մեր պետության իրավունքները պատշաճ ձևով պաշտպանելու համար»,- նշեց Արդարադատության նախարարը։

Հաջորդ հարցին՝ Հայաստանը միջազգային հայց ներկայացրե՞լ է Ադրբեջանի ու Ալիևի դեմ՝ որպես ռազմական հանցագործի, նախարարը պատասխանեց՝ մեկ ամսից ավելի է, որ ուժի մեջ է մտել Հռոմի ստատուտը, նաև մշակել են նոր օրենք։

Կարդացեք նաև

«Հավանաբար առաջիկայում արդեն հանրային քննարկման կներկայացվի, և նոր օրենքի ընդունումից հետո  կսկսվեն համապատասխան միջոցառումները»,- շեշտեց նախարարը։

Թե ինչո՞ւ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել 18 տավուշցիների նկատմամբ, այն շրջանում, երբ խոսակցություններ կան Տավուշից որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելու մասին, Գրիգոր Մինասյանը պատասխանեց՝ կան ենթադրություններ, բայց չի ուզում դրանց մասին խոսել։

Ինչ վերաբերում է Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին ու ռազմագերիներին և այդ ֆոնին՝ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցուն վերջերս Ադրբեջանին հանձնելու հայկական կողմի քայլին, Գ. Մինասյանն ասաց.

«Դա քաղաքական որոշում է, և նման քաղաքական որոշումներն են, որ մեզ հնարավորություն են տալիս թե՛ միջազգային ատյաններում, թե՛ երկրի ներսում ավելի ճիշտ դիրքավորում ունենալ»։

Նա չմեկնաբանեց նաև լուրերը, որ Հայաստանը պատրաստվում է հետ վերցնել Ադրբեջանի դեմ ներկայացրած միջազգային հայցերը՝ շեշտելով, որ դրանք զուտ խոսակցություններ են։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս