Հաստատվել է Երևանի պետական համալսարանի ներկայացրած 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման ծրագիրը
«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ՝ մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթություն ստացած մասնագետները, որոնք ձեռք են բերել 30 կրեդիտ, հնարավորություն ունեն դասավանդել դպրոցներում։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ համաձայն օրենքի վերոնշյալ դրույթի՝ եթե առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնում է չլրացված, ապա այդ տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝ բուհի առաջարկած համապատասխան կրթական ծրագրի միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը:
ԿԳՄՍ նախարարի հրամաններով մանկավարժի որակավորում չունեցող անձանց առնվազն 30 կրեդիտ տրամադրելու նպատակով մինչ այժմ երաշխավորվել են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մշակած ծրագրերը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 25-ի 432-Ա/2 հրամանով այդ նպատակով գործածության են երաշխավորվել նաև Երևանի պետական համալսարանի մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման վերապատրաստման դասընթացի 3-ամսյա մոդուլները:
Իրականացվող դասընթացները և հատկացվող կրեդիտներն են՝
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (5 կրեդիտ՝ 150 ժամ, որից 70 ժամ՝ լսարանային, 80 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային)
Մանկավարժություն (4 կրեդիտ՝ 120 ժամ, որից 60 ժամ՝ լսարանային, 60 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային)
Հոգեբանություն (4 կրեդիտ՝ 120 ժամ, որից՝ 60 ժամ լսարանային, 60 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային)
Մասնագիտական կամընտրական դասընթացներ. ուսուցման և դասավանդման մեթոդիկա (4 կրեդիտ՝ 120 ժամ, որից 60 ժամ լսարանային, 60 ժամ ինքնուրույն և արտալսարանային)
Կրթական ժամանակակից տեխնոլոգիաներ (4 կրեդիտ՝ 120 ժամ, որից 60 ժամ՝ լսարանային, 60 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային)
Հետազոտական աշխատանք (3 կրեդիտ՝ 90 ժամ)
Մանկավարժական պրակտիկա (6 կրեդիտ՝ 180 ժամ)
Ընդամենը 30 կրեդիտ՝ 900 ժամ: Մեկ ECTS կրեդիտը համարժեք է 30 ժամ լրիվ /լսարանային, արտալսարանային և ինքնուրույն/ ուսումնական բեռնվածությանը: