Քանաքեռավանցի եղբայրներն ու նրանց քույրը բռնություն են գործադրել պարեկային ծառայության աշխատակիցների նկատմամբ և խուլիգանություն կատարել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 2023թ. հոկտեմբերի 28-ին մի խումբ անձանց կողմից պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և խուլիգանություն կատարելու դեպքի նախաքննությունը:

Նշված օրը՝  ժամը 23:00-ի սահմաններում, տեղեկություն էր ստացվել այն մասին, որ կանչով Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի մեկնած պարեկների, ինչպես նաև նշված հասցեում հավաքված քաղաքացիների նկատմամբ մի խումբ մարդիկ դրսևորել են բացահայտ անհարգալից վերաբերմունք, ինչից հետո ոստիկանության բաժին էին տեղափոխվել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 3 բնակիչ՝ երկու եղբայր և նրանց քույրը։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ վերջիններս, գտնվելով Թբիլիսյան խճուղում իրենց ազգականի կողմից տեղի ունեցած ինքնավթարի վայրում և տեսնելով ահազանգի հիման վրա դեպքի վայր ժամանած շտապօգնության, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներին, բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ, կատարել խուլիգանություն։

Մասնավորապես՝ եղբայրները ձեռքերով և ոտքերով նախ հարվածել են շտապօգնության մեքենային, ապա բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, հայհոյանքներ և անպարկեշտ  արտահայտություններ հնչեցնելով, տևական ժամանակ խախտել են մարդկանց անդորրը,  խաթարել երթևեկության բնականոն ընթացքը:

Այնուհետև, երբ ոստիկանները հասարակական կարգը կոպիտ կերպով խախտող գործողությունները դադարեցնելու օրինական պահանջ են ներկայացրել նրանց,   եղբայրները և քույրը, վրոդովվելով այդ պահանջից, ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ՝  հարվածելով վերջիններիս դեմքին, գլխին և ձեռքերին:

34 և 24-ամյա եղբայրներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 452-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ նրանց 37-ամյա քրոջը՝  452-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, նշված 3 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտե

Տեսանյութեր

Լրահոս