Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը հատում ծառերը. գարնանը միայն Թումանյան փողոցում հատվելու է շուրջ 160 ծառ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիները դժգոհում են, որ մայրաքաղաքում ծառեր են կտրվում: Այս թեմայի հետ կապված՝ կան տարբեր մոտեցումներ. ոմանք նշում են, որ անընդունելի է ծառահատումը, ոմանք կարծում են, որ ճիշտ ծառերով չեն դրանք փոխարինվում, իսկ պաշտոնական տեսակետն այն է, որ Երևանում շատ ծառեր այլևս կենսունակ չեն կամ մոտ են կենսունակության ավարտին:
«Փաստը» դիմեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի՝ զարգացման գծով տեղակալ Արթուր Խալաթյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչի հետ գործ ունենք: «Գործ ունենք ծառերի փոխարինման ծրագրի հետ, որը հաստատվել և սկիզբ է դրվել 2023 թ.-ին, առաջին փոխարինվող փողոցը եղել է Մոսկովյանի մի հատված: Այս տարի գարնանը աշխատանքները սկսելու ենք Շենգավիթ վարչական շրջանից: Բագրատունյաց փողոցի՝ Գարեգին Նժդեհի հրապարակից մինչև Արտաշիսյան խաչմերուկ ընկած հատվածում կենսունակության ավարտին մոտ գտնվող և կենսունակությունը կորցրած մանրատերև թեղիները փոխարինվել են սաֆոնաճապոնական ծառատեսակներով: Մարտի 23-ից մեկնարկել է Թումանյան փողոցի ծառերի փոխարինումը, մեկնարկը տրվել է Սարյան- Թումանյան խաչմերուկից, մինչև Մեսրոպ Մաշտոցի պողոտան արել ենք, այսօր աշխատանքներն ընթանում են Մեսրոպ Մաշտոցի պողոտայից մինչև Տերյան խաչմերուկի հատված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խալաթյանը:
Նշում է՝ ընդհանուր առմամբ, գարնանը Թումանյան փողոցում հիմնականում փոխարինվելու նպատակով հատվելու է շուրջ 160 ծառ, որի մի մասն արդեն հատվել է, դրանք փոխարինվելու են 200 ծառով: «Դա պայմանավորված է երկու հանգամանքով. նախ՝ կան հատվածներ, որ անհրաժեշտ է իրականացնել հավել յալ տունկ, և երկրորդ՝ որտեղ կային նախկինում մնացած կոճղեր, դրանք հեռացվում և տնկվում են ծառեր: Դրա համար հատվողների և տնկվողների հարաբերությունը դրական վերջնագիծ ունի»,-հավելում է մեր զրուցակիցը:
Ընդգծում է՝ 2023 թ. փետրվարի 23-ին Երևանի քաղաքապետարանում իր ձևով ու բովանդակությամբ բացառիկ գիտական աշխատաժողով է տեղի ունեցել, որին ներկա են գտնվել մոտ երեք տասնյակ ոլորտի առաջատար գիտնականներ, հասարակական սեկտորից ու նախարարություններից ներկայացուցիչներ: «Գիտաժողովի ժամանակ միաձայն ընդունվել է, որ ծառերի փոխարինումն անհրաժեշտություն է: Ծրագիրը հաստատվել է, աշխատանքները սկսվել են: Տնօրենին կից ձևավորվել է գիտատեխնիկական խորհուրդ, որտեղ ներկայացված են ինչպես կազմակերպության գիտնականները, այնպես էլ նեղ մասնագիտական ոլորտի գիտնականներ՝ պրոֆեսորներ, գիտությունների թեկնածու դոցենտներ: Հատ առ հատ քննարկվել են փողոցները, ճշգրտվել, գիտատեխնիկական նախավերջին խորհրդին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի ավագանու խմբակցությունների ներկայացուցիչներ: Նրանց բարձրաձայնած հարցերն արձանագրվել են, դրանք ընդունվել են կամ ի գիտություն, կամ բավարար պատասխան է տրվել: Ծրագիրն արդեն մեկ տարի է, ինչ ընթացքում է: Ծրագրի մեջ է ոչ միայն ծառերի փոխարինումը, այլ նաև այն փողոցներում ու պողոտաներում, որտեղ ապահովված կամ պահպանված է ծառերի միատարրությունը, օրինակ՝ Արշակունյաց, Գայի, Ազատության, Մեսրոպ Մաշտոցի պողոտաներ և այլն, իրականացվում են միայն լրացումներ: Դրանք այն փողոցներն ու պողոտաներն են, որտեղ արժեքավոր ծառատեսակներ են, օրինակ՝ սոսի արևել յան, կաղնի ամառային»,-եզրափակում է Արթուր Խալաթյանը»: