Դրսում ՀՀ իշխանության վրա ուղղակի ծիծաղում են. իրենք դարձել են գործիք աշխարհաքաղաքական կենտրոնների ձեռքում. Աբովյան
Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալու է Նիկոլ Փաշինյանի, Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։
Նախատեսված այս հանդիպման օրակարգի վերաբերյալ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է որոշակի տեղեկություններ հայտնել՝ նշելով, որ նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, և հանդիպումը կայանալու է Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում վերլուծաբան Արման Աբովյանն առաջարկեց այս հանդիպումից որևէ լուրջ ակնկալիք չունենալ, քանի որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնողն է առաջին հերթին կասկածի տակ դրել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ միակողմանիորեն հղում անելով մի փաստաթղթի՝ Ալմա Աթայի հռչակագրին, որը չի՛ կարող հանդիսանալ ՀՀ տարածքային ամբողջականության հիմք, հետևաբար՝ մենք չենք կարող որևէ աշխարհաքաղաքական կենտրոնից ակնկալել, որ դա նրանք անեն։
«Պատկերացրեք՝ գնում Ալիևին ասում են, թե՝ զորքերդ հանի Հայաստանի Ջերմուկի տարածքից, Ադրբեջանը նրանց հակադարձելու է՝ Հայաստանի ղեկավարն ինքն անգամ չգիտի՝ իրեն տրված պետության տարածքը ո՞րն է, հետևապես՝ ի՞նչ եք պահանջում։ Սա է պատճառը, որ ես պնդում եմ՝ Հայաստանի այս իշխանությունը հնարավորություն է ստեղծում Ադրբեջանի համար՝ առաջ մղելու իր օրակարգերը»,- ասաց Աբովյանը՝ ընդգծելով, որ այս տարածաշրջանում Հայաստանի իշխանության վարած քաղաքականության հետևանքով մենք ընդամենն աշխարհաքաղաքական կենտրոնների համար դարձել ենք գործիք, ավելին՝ նաև ծիծաղի առարկա։
«Ի՞նչ է նշանակում այն սպասումը, թե այս հանդիպումից հետո կստանանք անվտանգային երաշխիք։ Եկեք դուրս գանք տեղեկատվական անբարոյականության շղարշից։ Անվտանգային երաշխիքների փաթեթ ասվածն ամպագոռգոռ է հնչում, բայց ինչ է դա. դա մի բան է, որն ունի Արևմուտքը՝ Ուկրաինայի հետ, ինչը չի ունենա Հայաստանի հետ, որովհետև Արևմուտքը երբեք ուղիղ առճակատման մեջ չի մտնի Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
Նույն Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հիշեք, որ ասաց՝ Ալիևին համարում են իրենց լավագույն գործընկերը՝ էներգետիկ բնագավառում, Բլինքենն ասում է՝ իրենց միակ նպատակը Հարավային Կովկասում Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը թուլացնելն է, հետևաբար՝ ի՞նչ անվտանգային փաթեթ, կամ նույն Ֆրանսիայի նախագահ Մակրոնը չասա՞ց, որ Հայաստանը դիտարկում է՝ որպես բուֆերային գոտի, իսկ բուֆերային գոտի՝ նշանակում է լինել մի տարածք, որն իր վրա է վերցնում երկու կոնֆլիկտային գոտիների բախումը։ Ուկրաինան դարձավ բուֆերային գոտի»,- պարզաբանեց Աբովյանը՝ Արևմուտքից, ԱՄՆ-ից օգնություն սպասող ՀՀ քաղաքացիների համար հատուկ հիշեցնելով ամերիկյան հեղինակավոր «Ռենդ» վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբաններ Ջո Հաբերմանի ու Փոլ Քորմարի հոդվածը:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։