Վտանգավոր գործընթաց են խաղում մեր գլխին. Կազմալուծում են Հայաստանը. Արմեն Մանվելյան

Փաստացի պատերազմի մեջ գտնվող պետությունների միջև հնարավոր չէ կատարել սահմանազատում և սահմանագծում. համաշխարհային պատմությունն է ցույց տալիս՝ պետությունների միջև նախ կնքվում է խաղաղության պայմանագիր, ապա նոր սկսվում է սահմանների որոշման գործընթացը, հետևապես, երբ Հայաստանը ներկայացնողը, առանց պայմանագրի, առանց քարտեզի՝ սահմանազատում և սահմանագծում է սկսում Ալիևի հետ, դա նշանակում է, որ մենք գործ ունենք Հայաստանն օկուպացրած ռեժիմի հետ, որ ոչ միայն չի ներկայացնում հայկական շահը, այլև չի ներկայացնում իրեն ձայն տվածների շահը. չէ՞ որ նրան ընտրողները, օրինակ՝ նույն Տավուշի մարզում, ձայն չեն տվել տարածքներ հանձնելու համար, ընդհակառակը՝ ձայն են տվել խաղաղության մեջ  ապրելու համար։

 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու, «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Արմեն Մանվելյանը՝ ընդգծելով.

«Վարչապետ կոչված այդ անձը գյուղացիների առաջ խնդիրներ է դնում՝  իր վրայից փաստացի գցելով պատասխանատվությունը գյուղացիների վրա։ Փաշինյանի առաջարկներին գյուղացիների 99 տոկոսը դեմ է արտահայտվել։ Այս մարդն անում է ամենաստոր բանը՝ պատերազմի պատասխանատվությունը գցում է մարդկանց վրա,  այն,  ինչն իր պատասխանատվության տիրույթում է»,- ասաց Մանվելյանը։

Կարդացեք նաև

Խոսելով Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի բնակավայրի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին, Մանվելյանն ընդգծեց՝  իրենք ներկայացուցիչ են ունեցել այդ հանդիպմանը, որը պատմում է՝ գյուղացիները դեմ են եղել փաշինյանական ծրագրին, առաջարկներին և նրան վստահեցրել՝ ոչ  մի մետր չեն պատրաստվում զիջել։

«Ավելին, Ոսկեպարում Փաշինյանի հետ հանդիպածների կեսից ավելին հանդիպման ընթացքում լքել է դահլիճը։ Փաշինյանին հարցրել են՝ կտա՞ս երաշխիք, որ Ալիևը կկանգնի, ասել է՝  ոչ»,- պատմեց Մանվելյանը։

Միջազգայնագետի գնահատմամբ՝ Տավուշի մարզի տարածքները թշնամուն հանձնելով՝ Փաշինյանն Ալիևի համար լուծում է մի շարք խնդիրներ։ Ըստ նրա՝ այդ տարածքները Հայաստանի համար ունեն ստրատեգիական նշանակություն, Հայաստանը զրկվում է դեպի Վրաստան շատ լավ ու կարճ ճանապարհից, թշնամու վերահսկողությանն են անցնում ահռելի ջրային ռեսուրսներ։ Ադրբեջանի վերահսկողությանն է անցնում նաև Ռուսաստանից եկող գլխավոր գազամուղը, չի բացառվում, որ Ադրբեջանն այնպես, ինչպես Արցախում արեց՝ կպայթեցնի գազամուղը, հետո  փական կդնի ու կամայականորեն իրենց հարմար պահի կփակի գազի հոսքը, և Հայաստանը կհայտնվի էներգետիկ ճգնաժամի մեջ։

«Վտանգավոր գործընթաց են խաղում մեր գլխին։ Կազմալուծում են Հայաստանը»,- ընդգծեց Արմեն Մանվելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս