168.am-ի պատասխանը՝ ՊԵԿ պարզաբանմանը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն երեկ արձագանքել էր 168.am-ի՝ «Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի աճը` կառավարության աճպարարության շնորհիվ. Ինչի՞ մասին է լռում կառավարությունը» վերնագրով հոդվածին։
Արձագանքելով ՊԵԿ արձագանք-պարզաբանմանը՝ նշենք, որ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2023թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին արդեն իսկ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած զեկույցը վերջին օրերին քննարկվում է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում: «Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի աճը` կառավարության աճպարարության շնորհիվ. Ինչի՞ մասին է լռում կառավարությունը» վերնագրով հրապարակումը վերաբերում է վերը նշված քննարկումների շրջանակում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում զեկույցի վերաբերյալ կայացած քննարկմանը:
Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած պարզաբանման` «հարկ վճարողների վճարած հարկերը 2023 թվականին կազմել են 2,273.9 մլրդ դրամ, իսկ 2022 թվականին՝ 1,962.5 մլրդ դրամ, որից հիփոթեքային վարկերի տոկոսագումարների սպասարկմանն ուղղված եկամտային հարկի վերադարձը, համապատասխանաբար, կազմել է 51.9 և 36.5 մլրդ դրամ: Հարկային եկամուտները և պետական տուրքերի ու համախառն ներքին արդյունքի հարաբերակցությունը (Հարկեր/ՀՆԱ), տոկոսային արտահայտությամբ՝ 2023 թվականին կազմել է 23.9 տոկոս, իսկ 2022 թվականին՝ 23.1 տոկոս: Վերադարձվող եկամտային հարկի ցուցանիշը հարկեր/ՀՆԱ հաշվարկում արտացոլելու նպատակը հարկ վճարողների վճարած հարկերի վերաբերյալ տվյալները հանրությանն առավել ամբողջական և թափանցիկ ներկայացնելն է»:
Հատկանշական է, որ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363 – Ա որոշմամբ և ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի օգոստոսի 26-ին հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված է «հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման և ստվերային տնտեսության կրճատման ճանապարհով, ինչպես նաև այլ միջոցառումների միջոցով» ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի շարունակական աճ` 2026 թվականին հասցնելով առնվազն 25%-ի` առանց վերադարձվող եկամտային հարկի ցուցանիշը հարկեր/ՀՆԱ ցուցանիշի հաշվարկում արտացոլելու:
Ընդ որում, ակնկալվում էր, որ ըստ 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի` արդեն 2022-ին այն պետք է կազմեր 23.5 տոկոս: Մինչդեռ, 2022-ին այդ ցուցանիշը 2021-ի համեմատ մնաց անփոփոխ` 22.7 տոկոս։
Ավելին, վերջին տարիների զարգացումները վկայում են, որ 2019 թվականին արձանագրված էական աճի հետ համեմատած՝ ստվերային հատվածի կրճատման (հարկային վարչարարության բարելավման) տեմպը հետագա տարիներին զգալիորեն դանդաղել է:
Թերևս դա է վկայում այն փաստը, որ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2019 թվականին 2018 թվականի 20.9 տոկոսից աճել է 1.5 տոկոսային կետով՝ մինչև 22.4 տոկոս, մինչդեռ հետագա երեք տարիներին` 2020, 2021 և 2022 թվականներին միասին աճել է ընդամենը 0.3 տոկոսային կետով` 2022 թվականին կազմելով 22.7 տոկոս։
Այսինքն` ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2026 թվականին առնվազն 25%-ի հասցնելու համար անհրաժեշտ է հետագա չորս տարիներին (2023-2026թթ.) ապահովել ընդհանուր առմամբ 2.3 տոկոսային կետով աճ, ինչի ապահովումն առաջիկա տարիների համար մտահոգությունների տեղիք է տալիս:
Նշենք, որ հարկեր/ՀՆԱ ցուցանիշի հաշվարկում առանց վերադարձվող եկամտային հարկի ցուցանիշն արտացոլելու է` 2023 թվականին հարկեր/ՀՆԱ-ն 23.9 տոկոսի փոխարեն կկազմեր 23.4 տոկոս` ավելի պակաս, քան նախատեսված էր հասնել դեռևս 2022 թվականին: Իրականում, նախորդ բոլոր տարիներին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը, այդ թվում 2022 թվականին արձանագրված 22.7 տոկոսը, հաշվարկվել է առանց վերադարձվող եկամտային հարկի ցուցանիշն արտացոլելու:
Ամփոփելով վերոգրյալը` առավել օբյեկտիվ արդյունք ստանալու համար, ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2023թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս 2023թ. կատարման արդյունքները թերևս անհրաժեշտ է համեմատել ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված հարկեր/ՀՆԱ ցուցանիշի թիրախի հետ` առանց վերադարձվող եկամտային հարկի ցուցանիշը հարկեր/ՀՆԱ ցուցանիշի հաշվարկում հաշվի առնելու, քանի որ ծրագրով նախատեսված թիրախային ցուցանիշը հաշվարկված է առանց վերադարձվող եկամտային հարկի ցուցանիշը հաշվի առնելու: