
Լեհաստանում մեկնարկած բողոքի ցույցերին կմասնակցի ավելի քան 70 000 ֆերմեր. RMF24

Ավելի քան 70 հազար լեհ ֆերմերներ կմասնակցեն բողոքի ցույցերին, որոնք այսօր մեկնարկել են Լեհաստանի տարբեր շրջաններում։ Այս մասին հաղորդում է RMF24 ռադիոկայանը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ երկրի բոլոր 16 վոևոդություններում կանցկացվեն 500-600 պիկետներ, շրջափակումներ և այլ ակցիաներ։ Տասնյակ տրակտորներ են արդեն գտնվում Բիդգոշչ և Կատովիցե քաղաքների փողոցներում:
Ֆերմերները դեմ են արտահայտվում Եվրամիության «կանաչ» քաղաքականությանը, որը նախատեսում է մինչև 2050 թվականը հասնել ածխածնի զրոյական արտանետումների:
Ոստիկանությունը վարորդներին խնդրել է օգտվել հասարակական տրանսպորտից և հրապարակել է ֆերմերների կողմից փակված փողոցների քարտեզը՝ շրջանցման սխեմայով:
Փետրվարի 9-ին լեհ ֆերմերները սկսել են լայնածավալ բողոքի ցույցեր և Ուկրաինայի հետ սահմանի անցումների արգելափակում: Նրանք պահանջում են սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել Ուկրաինայից էժան գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը, ուժեղացնել օժանդակությունն ազգային անասնաբուծությանը, ինչպես նաև անհամաձայնություն են հայտնում «Կանաչ գործարքին»։
Մարտի 6-ին Վարշավայում ֆերմերների բողոքի երթը վերածվել էր անկարգությունների։ Դրանց հետևանքով տուժել էր 14 ոստիկան, բերման ենթարկվել՝ մոտ 30 ցուցարար: