Բաժիններ՝

ԵՄ-ն նախնական հավանություն է տվել ուկրաինական գյուղմթերքի նկատմամբ մաքսատուրքերի վերացման մասին համաձայնագրի երկարաձգմանը

Եվրախորհրդարանը և ԵՄ խորհուրդը նախնական համաձայնության են հասել ԵՄ երկրների հետ Ուկրաինայի արտաքին առևտրի ազատականացման միջոցառումների երկարաձգման շուրջ։ Այս մասին հայտարարություն է տարածել Եվրախորհրդարանը։

«Ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման նկատմամբ ԵՄ ներմուծման մաքսատուրքերի և քվոտաների ժամանակավոր կասեցումը կերկարաձգվի ևս մեկ տարով՝ մինչև 2025 թվականի հունիսի 5-ը՝ Ռուսաստանի շարունակվող պատերազմի պայմաններում Ուկրաինային աջակցելու նպատակով», – գրված է հայտարարությունում։

Եվրահանձնաժողովը կարող է արագ միջոցներ ձեռնարկել, եթե ուկրաինական ապրանքների ներմուծման պատճառով խափանումներ լինեն ԵՄ մեկ կամ մի քանի երկրների շուկաներում։

Կանոնակարգը նաև նախատեսում է «արտակարգ արգելակման մեխանիզմ»՝ չեղարկելու «հատկապես զգայուն գյուղատնտեսական ապրանքների»՝ թռչնամսի, ձվի և շաքարի մաքսատուրքերի կասեցումը: Այս ցանկում ներառվել են նաև վարսակը, եգիպտացորենը, ձավարեղենը և մեղրը:

«Արտակարգ արգելակման մեխանիզմի գործարկման հաշվետու ժամանակաշրջանը կլինեն 2022 և 2023 թվականները, այսինքն՝ եթե այդ ապրանքների ներմուծումը գերազանցի այս երկու տարվա միջին ծավալը, նորից մաքսատուրքեր կսահմանվեն», – ասվում է Եվրախորհրդարանի հայտարարությունում։

ԵՄ խորհրդարանը և խորհուրդը պետք է վերջնական հավանություն տան համաձայնագրին մինչև հունիսի 5-ը, երբ կլրանա գործող սակագների կասեցման ժամկետը։ Նոր կանոնները պետք է ուժի մեջ մտնեն այդ ժամկետը լրանալուց անմիջապես հետո։

Ուկրաինայի ԵՄ հարևանները՝ Բուլղարիան, Հունգարիան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան բողոքում են, որ առանց մաքսատուրքերի ուկրաինական էժան գյուղատնտեսական ապրանքների ներմուծումն ազդել է արտադրողների վրա՝ հանգեցնելով ֆերմերների ցույցերի և առանձին երկրների կողմից ներմուծման արգելքների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս