Գևորգ Պետրոսյանին ԵՊՀ-ում փոխարինում է ՍԴ դատավորի՝ կոչում չունեցող որդին

Նախորդ տարվա հուլիսին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավագիտության ֆակուլտետի երկարամյա դասախոս Գևորգ Պետրոսյանն ազատվել է աշխատանքից: 168.am-ի հետ զրույցում վերջինս նշել էր՝ իրեն անգամ չեն տեղեկացրել, որ ազատում են աշխատանքից:

ԵՊՀ-ից ասել էին՝ «Գևորգ Պետրոսյանը ԵՊՀ-ում աշխատել է ժամավճարային հիմունքով դասախոս: Հունիսի 19-ին նրա համալսարանական էլեկտրոնային հասցեին ուղարկվել է ազատման վերաբերյալ պատշաճ ծանուցում»։

Գևորգ Պետրոսյանը հակադարձել էր՝ Համալսարանի դասախոսի աշխատանքը Համալսարանի համար կրում է մշտական բնույթ, իսկ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումն ասում է՝ մշտական բնույթ կրող աշխատանքների դեպքում գործատուին չի թույլատրվում կնքել ժամկետային պայմանագիր:

«Այսպես թքել մարդու՝ 27 տարիների աշխատանքի վրա, անթույլատրելի է: Կրկնում եմ՝ ֆակուլտետի դեկանն ու ամբիոնի վարիչն իրենց պաշտոնները պահպանելու համար ինձ զոհաբերեցին՝ որպես իշխանությունների համար անցանկալի մարդու: Ես նպատակ չունեմ այնտեղ աշխատել. դատարանից պահանջելու եմ չվերականգնելու դիմաց փոխհատուցում»,- ասել էր ԵՊՀ նախկին դասախոսը:

Կարդացեք նաև

Հայաստանում աշխատանքային իրավունքի գծով միակ դոցենտ ու առարկայի միակ դասագրքի հեղինակն իր աշխատանքային իրավունքները վերականգնելու համար դիմեց դատարան, և 2023թ. դեկտեմբերի 13-ին Երևանի Ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում մեկնարկեց ԵՊՀ դասախոս Գևորգ Պետրոսյանի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու մասին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ հայցի քննությունը:

Նիստից հետո Գևորգ Պետրոսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց՝ «Ես անցանկալի մարդ եմ իրենց համար՝ իմ քաղաքական կեցվածքից ելնելով, որովհետև չեմ գովաբանել Նիկոլ Փաշինյանին, հակառակը՝ քննադատել եմ՝ հանուն ՀՀ, մեր ժողովրդի բարեկեցության և մեր Սահմանադրության կենսագործման: Իրենց համար ես անցանկալի մարդ եմ. իրենց համար ցանկալի չէ այն դասախոսը, որը մտնում է լսարան և հարցնում՝ ովքե՞ր են զոհված ազատամարտիկների երեխաներ (դրա համար ես ստացել եմ դիտողություն): Արժեքներ կան, որոնք պետք է պահպանել. իմ արածը նրա հոր արածի դեմ զրո է»:

Մարտի 5-ին հայտնի դարձավ, որ դատարանը, դատավոր Մարինա Տաշչյանի նախագահությամբ, բավարարել է Գևորգ Պետրոսյանի հայցն ընդդեմ Երևանի պետական համալսարանի։

Դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Գևորգ Պետրոսյանը վերականգնվելու է համալսարանում իր աշխատանքում, բռնագանձվելու է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։ Բացի այդ, դատարանն իր վճռով անվավեր է ճանաչել Երևանի պետական համալսարանի ռեկտորի 2023-ի հունիսի 23-ի` Գևորգ Պետրոսյանի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու և աշխատանքից ազատելու մասին հրամանը։

Ի դեպ, մենք տեղեկացանք, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը չի հաշտվել ընդդեմ ԵՊՀ-ի վճռի հետ, և արդեն իսկ վերաքննիչ բողոք է գրվել, որն օրերս մուտք կարվի դատարան: Այս իշխանությունների համար սովորական բան է շարունակ բողոքարկել ակնհայտ անբեկանելի ակտերը, ժամանակ գլորել ու պետության վրա հսկայական ֆինանսական բեռ դնել: Տասնյակ օրինակներ կան, որ պետական մարմնի բողոքարկումների արդյունքում պետությունն ի վերջո տասնյակ միլիոնավոր դրամների ֆինանսական վնասներ է կրել:

Մինչ Գևորգ Պետրոսյանի վերաբերյալ վճիռը կմտնի ուժի մեջ, նա կվերադառնա հարազատ ԵՊՀ ու կմտնի լսարան, մենք տեղեկացանք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում աշխատանքային իրավունքի նախկին դասախոս, ի.գ.թ. դոցենտ Գևորգ Պետրոսյանին փոխարինում է գիտական աստիճան և կոչում չունեցող Հենրիկ Խունդկարյանը: Ուսանողական տարիներից ակադեմիական և գիտական կարողություններով աչքի չընկած երիտասարդը, ինչպես պնդում են ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում,  փաստորեն փոխարինելու է Հայաստանում աշխատանքային իրավունքի գծով միակ դոցենտին: Ստացվում է, որ վերջինիս միակ արժանիքն ըստ էության Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Երվանդ Խունդկարյանի որդին լինելն է:

ԵՊՀ-ն թերևս ճիշտ կաներ, որ մտածեր ուսանողներին որակյալ դասախոսով ապահովելու մասին, և ոչ թե լսարան թողներ մեկին, ում գիտելիքներն ակնհայտորեն ավելին չեն այդ լսարանում գտնվող ուսանողների գերակշիռ մասի գիտելիքից: Նման մոտեցումը հարիր չէ բարի համբավ ունեցող ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետին:

Ի դեպ, մենք տեղեկացանք նաև, որ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի պահանջով՝ Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Վահե Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս