Հայաստանի ֆուտբոլի տարբեր տարիքային թիմերում և Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների սահմանաչափը փոխվել է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստում քննարկվել է Հայաստանի Պրեմիեր Լիգայում և Հայաստանի առաջին խմբում ՀՀ-ում մարզված կամ Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականներում հանդես գալու իրավունք ունեցող ֆուտբոլիստների սահմանաչափի հնարավոր փոփոխությունների հարցը:
Այս մասին գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ինչպես Հայաստանի Պրեմիեր Լիգայի, այնպես էլ Հայաստանի Առաջին խմբի ակումբները ներկայացրել էին իրենց առաջարկները, որոնք քննարկվեցին ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների կողմից: Քննարկումներից հետո որոշվել է 2024-2025 մրցաշրջանից սկսած՝ Հայաստանի Առաջին խմբում ՀՀ-ում մարզված կամ Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականներում հանդես գալու իրավունք ունեցող ֆուտբոլիստների քանակը հանդիպման հայտացուցակում թողնել 15, իսկ հիմնական կազմում 6-ից դարձնել 7:
Որոշվել է 2025-2026 մրցաշրջանից սկսած՝ Հայաստանի Պրեմիեր Լիգայում ՀՀ-ում մարզված կամ Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականներում հանդես գալու իրավունք ունեցող ֆուտբոլիստների քանակը հանդիպման հայտացուցակում թողնել 9, իսկ հիմնական կազմում 3-ից դարձնել 4:
Որոշվել է նաև Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2024-2025 մրցաշրջանում ՀՀ-ում մարզված կամ Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականներում հանդես գալու իրավունք ունեցող ֆուտբոլիստների անդամների քանակի վերաբերյալ անցկացնել լրացուցիչ քննարկում Հայաստանի Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչների մասնակցությամբ և որոշումը կայացնել այդ քննարկման արդյունքում: