
Արմավիրի մարզում 46-ամյա տղամարդը բենզինով հրկիզել է իր 62-ամյա ազգականի ավտոմեքենան

Մարտի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենավան գյուղում ավտոմեքենա են հրկիզել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի էին, իսկ մինչ այդ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված գյուղի 9-րդ փողոցում «ԳԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։
Ոստիկանները պարզել են հրկիզողի ինքնությունը։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը ոստիկաններն ու պարեկները նշված ավտոմեքենան հրկիզելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանության Արմավիրի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Կարեն Ս․-ին, ով կասկածվում է իր ազգականի՝ 62-ամյա Ջիվան Ս․-ին պատկանող ավտոմեքենան հրկիզելու մեջ։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։