Այս իրավիճակում կանայք պետք է ակտիվ լինեն, պետք է փրկել համակարգը. Կարինե Նալչաջյան

Այսօր Մարտի 8-ն է՝ Կանանց միջազգային օրը: 1977-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան անդամ պետություններին առաջարկեց մարտի 8-ը սահմանել՝ որպես կանանց իրավունքների և աշխարհի խաղաղության oր: Կանանց միջազգային օրը Հայաստանում տոնական է՝ ոչ աշխատանքային:

«Կինը բնության մասնիկն է, իսկ բնության մեջ երբ ճգնաժամային իրավիճակներ են լինում, երբ խարխլված է լինում հավասարակշռությունը, կանացի կեսն ավելի ակտիվ է դառնում՝ հավասարակշռությունը վերականգնելու համար,- 168.am-ի հետ զրույցում տոնական շնորհավորանքից հետո օրվա խորհրդին անդրադառնալով՝ նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը, ապա երկրում առկա ոչ տոնական իրողությունների համատեքստում շեշտեց,- Պետությունը, երկիրը մի համակարգ է, և այժմ մեր պետությունն այնպիսի ողբերգական վիճակում է, որ այս իրավիճակում կանայք պետք է ակտիվ լինեն, կանգնեն տղամարդկանց կողքին, ու պետք է բնատուր պահպանման ներքին բնազդն աշխատի: Պետք է փորձենք փրկել համակարգը, որ ամեն ինչ չփլվի»:

Հոգեբանն անդրադարձավ նաև գործող իշխանությունների կողմից խախտված կարմիր գծերին՝ զոհված զինծառայողների կանանց ու մայրերի հանդեպ վերաբերմունքին, քաղաքական հայացքների համար կանանց թիրախավորելուն, կալանավորմանը՝ շեշտելով, որ կանանց ու երեխաների նկատմամբ վերաբերմունքի մեջ միշտ երևում է դիմացինի բարոյական նկարագիրը:

«Մենք վաղուց ենք ֆիքսել, որ այս իշխանությունների գլխավոր բացակայող գիծը բարոյականությունն է: Իսկ եթե բարոյականը զրոյական է, չկան սրբություններ, չկա զոհվածի ծնողի նկատմամբ,  կնոջ նկատմամբ արժանի վերաբերմունքը և, առհասարակ, մարդկային կյանքերի նկատմամբ վերաբերմունքը»,- հավելեց նա:

Կարդացեք նաև

Կարինե Նալչաջյանը ցավով արձանագրեց, որ մարդիկ գուցեև այսօր փորձում են տոնական տրամադրություն ստեղծել, բայց խոսքում տագնապն է:

«Այսօր առավել դժվար է այն կանանց ու աղջիկների վիճակը, որոնք պատերազմում հարազատներ, սիրելիներ են կորցրել, այն հարսների, որոնք փեսացուներ են կորցրել, բայց բնությունը մարդուն օժտել է կորուստը հաղթահարելու, վերականգնման ռեսուրսով. եթե կյանքում նպատակ է դրվում՝ հենց թեկուզ վրեժը,  եթե պայքարի մեջ են ներգրավվում, կյանքն իմաստավորվում է»,- նշեց հոգեբանը:

Տեսանյութեր

Լրահոս