Ռուսական կողմի կարիքը չենք զգում. Միրզոյանը՝ «Զվարթնոց»-ում ՌԴ սահմանապահների մասին

Հայաստանը ծանուցել է Ռուսաստանին, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայության համար այլևս ռուսական կողմի աջակցության և մասնակցության կարիք չի զգում։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով ՌԴ սահմանապահներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դուրս բերելու հարցին։

«Ընդգծեմ, որ ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում «Զվարթնոց» օդանավակայանում, մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը և նախատեսված է եղել այս գործառույթը իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա և երբ Հայաստանը կունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթն ամբողջությամբ կիրականացնի Հայաստանն իր պատկան մարմինների միջոցով։

Եվ հիմա կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը և ծանուցել ենք ռուսական կողմին այս մասին»,-նշեց Միրզոյանը։

ԱԳ նախարարը ենթադրում է, որ ՌԴ-ին ուղարկված ծանուցումը բավարար կլինի ռուսական կողմի համար և հարցը այդքանով կլուծվի։

«Հայկական կողմը ծանուցել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայության մեջ այլևս ռուսական կողմի աջակցության և մասնակցության կարիք չի զգում՝ շնորհակալություն հայտնելով նրանց»,-եզրափակեց Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս