Թրամփը Բայդենին հրավիրել է բանավեճի «ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում»
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախագահ Ջո Բայդենին հրավիրել է բանավեճերի 2024 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ՝ ասելով, որ պատրաստ է դրանց մասնակցել «ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում»: Այս մասին հաղորդում է Fox News-ը։
Թրամփը, որը Հանրապետական կուսակցության կողմից, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի որպես 2024 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու, նման առաջարկ է արել իր Truth Social սոցիալական ցանցում այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին՝ նրա վերջին հանրապետական հակառակորդը, դադարեցրեց իր ընտրարշավը:
«Մեր երկրի բարօրության համար կարևոր է, որ ես և Ջո Բայդենը բանավիճենք Ամերիկայի և ամերիկացի ժողովրդի համար այդքան կարևոր հարցերի շուրջ։ Հետևաբար, ես կոչ եմ անում բանավեճեր կազմակերպել ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում, ցանկացած տեղում», – գրել է Թրամփը՝ հավելելով, որ անհամբերությամբ սպասում է պատասխանի։
Բայդենի քարոզարշավի պատասխանը չի ուշացել:
«Ես գիտեմ, որ Դոնալդ Թրամփը ծարավ է ուշադրության․․․․ Բայց եթե նա այդքան հուսահատորեն ցանկանում է նախագահ Բայդենին փրայմ թայմում (խմբ․՝ հեռուստատեսության ամենամեծ դիտելիություն ունեցող ժամերին) տեսնել, ապա սպասելու կարիք չկա։ Նա կարող է միանալ տասնյակ միլիոնավոր ամերիկացիներին, որոնք վաղը երեկոյան դիտելու են Երկրի իրավիճակի մասին ելույթը (խմբ․՝ ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձը Կոնգրեսին)», – Fox News Digital-ին ասել է Բայդենի նախընտրական քարոզարշավի հաղորդակցությունների գծով տնօրեն Մայքլ Թայլերը:
ԱՄՆ-ում անցկացված նախնական ընտրությունների արդյունքները վկայում են այն մասին, որ դեմոկրատ Ջո Բայդենը և հանրապետական Դոնալդ Թրամփը կլինեն նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների երկու թեկնածուները։ Ըստ սոցիոլոգիական հարցումների արդյունքների՝ ամերիկացիները չեն ցանկանում տեսնել 77-ամյա Թրամփի և 81-ամյա Բայդենի միջև ևս մեկ ընտրապայքար։ Ըստ Reuters-ի՝ հարցումները վկայում են, որ երկուսն էլ քվեարկողների շրջանում ցածր վարկանիշ ունեն։