Ադրբեջանցի մոլորյալը-դիվերսանտը շատ արագ վերադարձվեց. սա հերթական կորսված հնարավորությունն էր. Արտակ Բեգլարյան

Հայաստանում իբրև թե մոլորված ադրբեջանցի զինծառայողն արդեն Բաքվում է. այստեղ նրա դեմ քրեական հետապնդումը դադարեցվել էր: Ադրբեջանցի զինծառայողը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է. «Ես գիտեի, որ նախագահ Ալիևը ինձ կփրկի գերությունից»։

Այս «քաղաքակիրթ» վերադարձը հանրային ու քաղաքական տարբեր շրջանակների համար օբյեկտիվորեն անհասկանալի էր, քանի որ Ադրբեջանի կողմից գերեվարված, պատանդառված մեր հայրենակիցները պատերազմից հետո չեն վերադարձվել հայրենիք, ավելին՝ Բաքուն կեղծ մեղադրանքներ է կարել նաև Արցախի ռազմաքաղաքական էլիտայի վրա:

168.amԱրցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ադրբեջանցի զինծառայողի վստահությունն այսօր կարող է ունենալ հայ ժողովուրդը՝ իր գերիների, ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական իշխանությունների վերադարձի հարցում. արդյո՞ք ՀՀ կառավարությունն այս հարցով բավարար չափով աշխատանքներ տանում է:

Ի պատասխան՝ Արտակ Բեգլարյանը նշեց. «Երկու հարցի պատասխանն էլ՝ ոչ:

Կարդացեք նաև

Միանշանակորեն մեծ խնդիր ունենք հայ գերիների, պատանդների վերադարձի հետ կապված, և ես ինքս անկեղծորեն չեմ տեսնում բավարար աշխատանք ՀՀ իշխանությունների կողմից: Մեկ օրինակն էլ հենց սա է, որ ադրբեջանցի այս զինծառայողը, որն առաջին օրը պաշտոնապես որպես դիվերսանտ էր ներկայացվում, վերջում «պարզվեց», որ «մոլորյալ է», շատ արագ վերադարձվեց Ադրբեջան: Իսկ ադրբեջանական կողմից նմանատիպ դեպքերում ոչ մեկին չեն վերադարձնում, հակառակը՝ փորձում են բավականին բարձր գնով վաճառել հայկական կողմի վրա»:

Արցախի նախկին պետնախարարը սա հայկական կողմի հերթական կորսված հնարավորությունն է համարում՝ նկատելով, որ այդ ադրբեջանցի դիվերսանտի դիմաց գոնե պետք է հայ գերիների ու պատանդների մի մասին վերադարձնեին:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված նոր՝ միջպետական հայցերից ու գանգատներից հրաժարվելու պահանջին, և այդ առնչությամբ ՀՀ իշխանական խոսափողներից հնչող արձագանքներին, թե դա հնարավոր է փոխադարձ սկզբունքով, Արտակ Բեգլարյանը ասաց. «Դրա մասին հայտարարությունները, գործողությունները և նույնիսկ մտադրությունը ես համարում եմ հանցավոր գործողություն մեր պետականության հանդեպ, հայ ժողովրդի ու պետականության հանդեպ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս