Զինվորասպան կամ առանց ամոթի
Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Զավենի Սարգսյանը, այսօր Եռաբլուրում վրդովվել է լրագրողների այն հարցից, որ Վազգեն Սարգսյանի ազատագրած Արցախը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը համարում է Ադրբեջան, արդյո՞ք ինքը հաշտ է այս իրողության հետ, ինչին Արամ Սարգսյանը, ափերից դուրս գալով՝ լրագրողին պատասխանել է՝ «սուտ եք ասում»: Այնուհետև հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին՝ պատճառաբանելով, թե հարմար պահ չէ, Եռաբլուրում, այն էլ՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, քաղաքական հարցազրույցներ չի տալիս, սակայն չի խորշել լրագրողներին մեղադրել իրեն «փողով» հարցեր տալու մեջ:
Այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ Արամ Սարգսյանը կարո՞ղ է իմանալ՝ ժամանակին լրագրող Նիկոլ Փաշինյանը Վազգեն Սարգսյանին «զինվորասպան» իր հոդվածներում փողո՞վ էր անվանում, թե՞ դա իր համոզմունքն էր զուտ: Ավելին, այդ նույն Նիկոլ Փաշինյանն այսօր, առանց ամոթի, գնում և ծաղիկներ է տեղադրում Վազգեն Սարգսյանի շիրիմին:
Մասնավորապես, «Օրագիր» թերթի լրագրող Նիկոլ Փաշինյանը «Բանակը նվեր մատուցեց զինվորների մայրերին» վերտառությամբ հոդվածում խոսում էր բանակում սպանությունների մասին, իսկ «Կտոր մը կամուֆլյաժ» կամ «Իսկ դու ղալաթ արե՞լ ես» հոդվածում էլ, մասնավորապես, գրում էր.
«…Վազգեն Սարգսյանին մեղադրելու են երեխաների, 18 տարեկան երեխաների սպանության համար, նրանց խեղված ճակատագրի, նրանց վիրավորված արժանապատվության: Ու դեռ հարց է, կհասցնի՞ արդյոք մեր սուպերնախարարը ԱԺ պատգամավոր դառնալ, կհասցնե՞ն քննարկել նրա մեղավորության հարցը, կհասցնի՞ Վազգեն Սարգսյանն արտասանել իր բաժին «ղալաթ եմ արելը»: Սրանք հարցեր են, իսկ «Հայլուրը» վրեժ է ուզում, արյուն: Թշվառ ու անտեր հայրենիքում, հեշտ է սուպերնախարար լինելը: Բայց թշվառ ու անտեր հայրենիքին երբեմն պետք են սուպերնախարարներ: Այնպիսիք, որ ««ղալաթ եմ արելը» արտասանում են ոչ թե որպես խոստովանություն, այլ վճիռ»:
Դե, իսկ Վազգեն Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքի և այլ դրվագների մասին մամուլը բազմիցս է գրել, լավատեղյակ մարդիկ բազմիցս են պատմել: Եվ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած բախումների մասին: