ՌԴ Բելգորոդի մարզում նավթամբարում հրդեհ է բռնկվել, Շեբեկինո քաղաքը գնդակոծվում է․ ԱԻՆ
Ռուսաստանի Բելգորոդի մարզի նավթաբազայում պայթյունի հետևանքով վնասվել է մեկ նավթամբար։ Այս մասին Telegram-ում գրել է Արտակարգ իրավիճակների նախարարության Բելգորոդի մարզի վարչությունը։
«Վնասվել է մեկ նավթամբար, կրակի տարածման սպառնալիք չկա, ուժերը և միջոցները բավարար են։ Տուժածներ չկան», – նշված է հաղորդագրությունում։
Ըստ տարբեր ԶԼՄ-ների՝ «Բելգորոդնևտեպրոդուկտ» ընկերության տարածքում հրդեհի պատճառը եղել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումը։
Բացի այդ, Բելգորոդի շրջանի Գուբկինսկի և Ստարոոսկոլսկի շրջաններում հրթիռային հարձակման վտանգ էր հայտարարվել, որն այնուհետև չեղարկվել էր։
Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների նախարարության Բելգորոդի մարզի վարչությունը մեկ այլ հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով Շեբեկինո քաղաքի գնդակոծության մասին։
«Շեբեկինո քաղաքը գնդակոծվում է։ Իջե՛ք նկուղ (ապաստարան)», – գրված է հաղորդագրությունում։
Իր հերթին ուկրաինական կողմը հայտարարել է գիշերն Օդեսայի վրա ԱԹՍ-ների հարձակման մասին։ Ըստ Ուկրաինայի հարավի պաշտպանության ուժերի՝ 18 ԱԹՍ խոցվել է, սակայն 4 ԱԹՍ-ներ հարվածել են թիրախներին․ տուժածներ չկան։ Վնասվել է չգործող առողջարանական հաստատություն և մասնավոր տուն։