Բաժիններ՝

Իսրայելը ՄԱԿ-ից հետ է կանչել իր մշտական ​​ներկայացուցչին

Իսրայելը Միավորված ազգերի կազմակերպությունում իր մշտական ​​ներկայացուցիչ Գիլադ Էրդանին հետ է կանչել «անհապաղ խորհրդատվությունների համար»: Ինչպես տեղեկանում ենք Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին մարտի 4-ին հայտնել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը։

Միևնույն ժամանակ նա մեղադրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ ասելով, թե նա փորձում է լռության մատնել համաշխարհային կազմակերպության կողմից նույն օրն ավելի վաղ ներկայացված զեկույցը, որը վերաբերում է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների կողմից 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ իրականացված բազմաթիվ սեռական բռնություններին:

«ՄԱԿ-ի վերջին զեկույցը մանրամասնում է ՀԱՄԱՍ-ի վայրագությունները, որոնք կատարվել են հոկտեմբերի 7-ին, ներառյալ՝ զանգվածային սպանությունները, բռնաբարությունները և պարբերաբար կատարված մյուս սեռական հանցագործությունները: Սակայն նախագահը (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը) լռում է: Եկել է գործելու ժամանակը, Անտոնիո՛ Գուտերեշ: ՀԱՄԱՍ-ը պետք է ողջ աշխարհում ճանաչվի որպես ահաբեկչական կազմակերպություն, իսկ նրան աջակցող երկրները պետք է համարվեն ահաբեկչության հովանավորներ», – գրել է Կացը X սոցիալական ցանցում։

Գիլադ Էրդանն ինքը այս առնչությամբ հայտարարել է. «ՄԱԿ-ին հինգ ամիս պահանջվեց, որպեսզի, վերջապես, ընդունի ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ կատարված սեռական բնույթի ցնցող հանցագործությունները: Այժմ, երբ հայտնվեց զեկույցը սեռական վայրագությունների և սեռական բռնության մասին, որոնց մեր պատանդները ենթարկվում են Գազայի հատվածում, ՄԱԿ-ի ամոթալի լռությունը, որը ոչ մի քննարկում չի անցկացնում այս հարցի շուրջ, մինչև երկինք աղաղակող փաստ է»:

Մինչդեռ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հերքել է իր ղեկավարի հասցեին հնչած մեղադրանքները, թե իբր նա փորձում է լռության մատնել զեկույցը։ Նրա խոսքով՝ Գուտերեշն, ընդհակառակը, «լիովին պաշտպանել է» այդ փաստաթուղթը կազմելու վրա աշխատանքը, որն իրականացվել է Պրամիլա Պատենի` հակամարտության պայմաններում սեռական բռնության հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի ղեկավարությամբ: Դյուժարիկը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ զեկույցն, ի վերջո, հրապարակվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս