Մենք սկսում ենք գործողությունների շարք, որի նպատակը երկրում նոր, ազգային իշխանություն ձևավորելն է. Չալաբյան

Երեկ մեր «Հայաքվե» նախաձեռնությունը մեծ համաժողով էր կազմակերպել «ՀՀ Անկախության հռչակագիրը և ազգային պետության տեսլականը» խորագրով։ Համաժողովը ի մի էր բերել տարբեր հանրային գործիչների և կազմակերպությունների՝ քննարկելու Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արդի մարտահրավերները, վերհանելու Անկախության հռչակագիրը՝ որպես մեր իրավա-քաղաքական համակարգի հենք և նաև արդի մարտահրավերներին արձագանքելու բանալի, ինչպես նաև ներկայացնելու նրա հիման վրա ազգային պետություն կառուցելու հայեցակարգային մոտեցումները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս համաժողովով մենք սկսում ենք գործողությունների շարք, որի նպատակը երկրում նոր, ազգային իշխանություն ձևավորելն է, նրա գործունեության համար հստակ, հանրայնորեն ընկալելի օրակարգ սահմանելը ու մեր երկիրն այս աննախադեպ անվտանգային ճգնաժամից հանելն է։ Մենք հստակ գիտակցում ենք, որ այստեղ պետք է ի մի գան մեր ազգի լավագույն մտավորական ռեսուրսները և առաջնորդական կարողությունները, և հնարավոր ամենը կանենք լայն հանրային համախմբում ապահովելու համար, դրա օրինակը նաև այս համաժողովի բանախոսների և հրավիրյալների կազմն էր։

Համաժողովը երեկ լայն լուսաբանում ստացավ լրատվամիջոցներում, նրա նյութերը կներկայացնենք նաև «Հայաքվե»-ի մեր էջում, մինչ այդ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել համաժողովի կազմակերպչական թիմին, բոլոր բանախոսներին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին և բոլոր մասնակիցներին՝ այս կարևոր նախաձեռնության հաջող մեկնարկի համար»:

Տեսանյութեր

Լրահոս