Արևմուտքն այլևս չի՞ հավատում Հայաստան-Ադրբեջան խաղաղությանը

Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան, ինչպես նաև Փաշինյանի վերջին հանդիպումները Մյունխենում, Փարիզում, հարցազրույցը՝ France 24-ին, հստակ ուրվագծում են ՀՀ արտաքին քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք՝ դրանով իսկ հավելյալ ուշադրություն բևեռելով ռեգիոնալ իրավիճակի վերաբերյալ Արևմուտքից հնչող հայտարարությունների վրա։

Հաշվի առնելով Հայաստան-Ադրբեջան գործընթացում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը՝ շատերին է հետաքրքրում, թե Հայաստանին քաղաքական և ռազմական անվտանգության ի՞նչ մակարդակով են ապահովելու արևմտյան գործընկերները և ինչպե՞ս են զսպելու Ադրբեջանի «ախորժակը»։ Չէ՞ որ ՀՀ իշխանությունների՝ Ռուսաստանին ուղղված դժգոհության հիմնական հրապարակված պատճառը հենց այս հարցում ՌԴ անգործությունն էր, կամ իրավիճակի վրա ազդելու անկարողությունը, կամ Հայաստանի օգտին որևէ քայլի դիմելու ցանկության բացակայությունը։

Այնուամենայնիվ, փորձագիտական համայնքին, քաղաքական շրջանակներին և գլխավորը՝ հանրությանը հետաքրքիր է, թե հայտարարություններից բացի, գործնական ի՞նչ աջակցություն է ՀՀ-ն ստանալու ԵՄ-ից, և այդ աջակցության արդյունքում ինչպե՞ս է վերականգնվելու Հարավային Կովկասում ուժային հավասարակշռությունը։ Եվ այս առումով ինֆորմատիվ են հնչող հայտարարությունները։ Մասնավորապես, բավականին լայն քննարկումների առարկա է դարձել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պիտեր Ստանոյի վերջին հարցազրույցն «Արմենպրես» գործակալությանը, որում նա հայտարարել է, թե Եվրամիությունն աջակցում է կայուն և տևական խաղաղությանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը պետք է ավելի արագ տեմպերով շարունակվեն: Սակայն նա նաև ասել է․ «Մենք դեռ հավատում ենք, որ ոչ ոք չի հարձակվի Հայաստանի վրա, որ բոլոր սպառնալիքները կվերացվեն հենց ներգրավվածության ընթացքում»։

Իսկ օրերս էլ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն էր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել Հարավային Կովկասում զարգացումներին, Մյունխենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ Էնթոնի Բլինքենի հանդիպումներին: Միլլերը պատասխանել էր հարցին՝ արդյոք Պետքարտուղարը հավատո՞ւմ է, որ խաղաղությունը մոտ է:

Կարդացեք նաև

«Նա դեռ հավատում է, որ հնարավոր է խաղաղություն հաստատել: Այդ հարցը Բլինքենը քննարկել է երկու երկրների ղեկավարների հետ, կոչ արել աշխատել միասին՝ հաղթահարելու մնացած մի քանի խնդիրները: Շարունակելու ենք հորդորել կողմերին խաղաղության պայմանագիր կնքել»,- ասել էր խոսնակը։

Նա հավելել էր՝ Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտ աջակցությունն առաջարկել և տրամադրել Երևանին ու Բաքվին:

Մեզ հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ այս հայտարարությունները ցույց են տալիս ԵՄ-ում, ԱՄՆ-ում այն գիտակցումը, որ սա հեշտ հաղթահարելի իրավիճակ չէ։ Չնայած, նրա խոսքով, հայտարարվում էր, որ կարգավորման համար մի քանի հարց է մնացել, սակայն Արևմուտքը վերջին շրջանում հատկապես բախվեց այս հակամարտության բարդությանը և նրան, որ նույնիսկ կողմերի երկխոսություն կազմակերպելն է բարդ։

«Մի կողմից՝ Արևմուտքի համար չափազանց կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների ներկայիս կուրսը, դրանով պայմանավորված՝ ՀՀ անվտանգությունը, որի նպատակով Ֆրանսիան գործնական քայլեր է իրականացնում, ԵՄ-ն դիտորդներ է տեղակայել, ԵՄ-ն անում է հստակ հայտարարություններ, որոնք ուղղված են ռեգիոնում իրավիճակի զսպմանը, մյուս կողմից էլ՝ դրական առաջընթաց կողմերի միջև չկա, այլ կա հակառակը։ Կողմերը չեն կարողանում հանգել համաձայնությունների, առկա է նաև Մոսկվայի դերակատարությունը, որը ոգևորված չէ Արևմուտքի ներկայիս դիրքավորմամբ և ռեգիոնում առաջընթացով ու վստահաբար աշխատում է այս միտումների դեմ։

ԵՄ-ն հասկանում է, որ իրավիճակը բռնկուն է, իսկ իր ազդեցության լծակները կարծես անբավարար են, քանի որ որքան Արևմուտքը քայլերն ինտենսիվացնում է, այնքան ռեգիոնում մանևրումները շատանում են, լարվածությունը՝ մեծանում, բանակցությունները՝ բարդանում։ Սա իրենից ենթադրում է է՛լ ավելի լուրջ ռեսուրսներ Արևմուտքից, իսկ դրանք անվերջ չեն, խոսքն ինչպես քաղաքական, այնպես էլ՝ ռազմական ռեսուրսների մասին է։ Արևմուտքը հասցեական հայտարարություններ է անում, նշում, որ ռազմական գործողությունների սկսելն ունենալու է հետևանքներ, բայց ԵՄ-ն, իհարկե, կցանկանար խուսափել հետևանքներից կամ կտրուկ քայլերից, քանի որ վստահաբար ռազմական բնույթի քայլերի Արևմուտքը պատրաստ չէ, դա հնարավոր չէ։ Ռեգիոնում միանգամից և կարճ ժամկետներում ռազմական բալանսը վերականգնելը ևս բարդ է Ուկրաինայում պատերազմի ֆոնին։ Կարծում եմ՝ պատճառների այս համախումբն է նման մեկնաբանությունների պատճառը»,- ասաց վերլուծաբանը։

Սակայն վերլուծաբանը չի գտնում, որ ԱՄՆ-ը, ԵՄ-ն դադարեցրել են ջանքերը։ «Այս պահին իր ներդրումն է ցանկանում ունենալ Գերմանիան, մայրաքաղաքից այս դեպքում քիչ բան է կախված, քանի որ ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Գերմանիան մեկ օրակարգ ունեն, ցանկանում են հասնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի, սակայն տեղեկատվության ավելի լայն պաշարի են տիրապետում ու հասկանում ամենայն հավանականությամբ, որ էսկալացիայի հավանականությունն ավելի բարձր է, քան համաձայնությունների հնարավորությունը»,- նկատեց նա։

Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ԵՄ և ԱՄՆ Պետդեպի խոսնակների հայտարարություններն արտացոլում են ռեգիոնալ անհուսալի իրավիճակը։

Նրա խոսքով, ուշագրավ է համեմատել Ռուսաստանի ու Արևմուտքի արձագանքներն այս հակամարտության տարբեր դրսորումների դեպքում։

Լուկիանովի կարծիքով, ՀՀ-ն որոշել է «թեքվել» դեպի Արևմուտք՝ հիասթափված լինելով Ռուսաստանից, ՀԱՊԿ արձագանքներից։

«Մասամբ դրանք հիմնավոր են։ Սակայն մինչ ուկրաինական պատերազմը Ռուսաստանը հստակ քաղաքական ավանդույթներով է առաջնորդվել՝ փորձելով մինչ հակամարտության վերջնական կարգավորումը պահպանել ստատուս-քվոն կողմերի միջև հավասարակշռությամբ ու իր ռեգիոնալ լծակներով։ Արևմուտքը փորձեց արագացնել իրադարձությունները, բանակցությունները հյուրընկալող կողմ դառնալ՝ կարծելով, թե միայն դա է կարգավորման «բանալին»։ Ներկայումս, ըստ էության, Ռուսաստանը մի կողմ է քաշվել, քաղաքական շատ քիչ ազդեցություն ունի, նախաձեռնություններ չկան, ազդեցություն չկա։ Ուստի, որպես միջնորդ, նաև Արևմուտքի պատասխանատվությունն է՝ կարգավորել ներկայումս ստեղծված իրավիճակը, սակայն դիվանագիտության մեջ հուսահատ ձևակերպումներն իրավիճակի լավագույն անդրադարձը չեն»,- նման կարծիք հայտնեց Լուկիանովը։

Նրա խոսքով, Արևմուտքը կարծում է, թե մի քանի հանդիպման նախաձեռնությամբ, Հայաստանին մի քանի պաշտպանական սպառազինության մատակարարմամբ բոլոր հարցերը կողմերի միջև լուծվում են։

«Ներկայումս հրապարակային սպառնալիքներ են հնչում, դրանց ինչպես է Արևմուտքը պատրաստվում արձագանքել։ Եթե Հայաստանը կատարում է արտաքին քաղաքական շրջադարձ անվտանգության բարձրացման նպատակով, այս փուլը ցույց կտա, թե որքանով է Արևմուտքը կարողանում Հարավային Կովկասում ճգնաժամ կառավարել կամ այն ընդհանրապես կանխել։ Սա պետք է լինի արդյունքը, սակայն այս հայտարարությունները ցույց են տալիս հուսահատություն, թե ինչ քայլեր են պատրաստվում անել, բացի այս հուսահատական հայտարարություններից՝ պարզ չէ»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս