Ո՞ր արժանիքների համար

Կառավարությունը, ինչպես Մրցակցության պաշտպանության, այնպես էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրել է գործող նախագահներին։ Առաջինում՝ Գեղամ Գևորգյանին, երկրորդում՝ Գարեգին Բաղրամյանին։

Երկուսն էլ հանձնաժողովների նախագահի պաշտոնում են հայտնվել գործող իշխանությունների օրոք։ Հինգը տարի պաշտոնավարելուց հետո, իշխանության «դաբրոյով» պատրաստվում են դեռ հինգ տարի էլ պաշտոնավարել։

Կասկած չկա, որ Ազգային ժողովի իշխանական խմբակցությունը երկուսին էլ ընտրելու է՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի խորհրդարանի մյուս խմբակցությունների դիրքորոշումը։ Կառավարության ասածը, ինչպես հայտնի է, «օրենք» է իշխող ՔՊ-ական խմբակցության համար։

Այնպես չէ, որ Գեղամ Գևորգյանը և Գարեգին Բաղրամյանն անփոխարինելի են իրենց պաշտոններում։ Պարզապես կառավարությունը կադրեր չունի։

Կադրերի խնդիրն այս իշխանության համար միշտ էլ լուրջ է եղել։ Լավագույն մասնագետները շատ հաճախ չեն ուզում աշխատել իշխանության հետ։

Զարմանալի չէ, որ էկոնոմիկայի նախարարի հրաժարականից հետո, գրեթե երկու շաբաթ չէին կարողանում մարդ գտնել նրան փոխարինելու համար։ Երկար փնտրտուքից հետո, ի վերջո, կանգնեցին ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանի վրա, որին ինչքան էլ չէին ուզում նշանակել էկոնոմիկայի նախարարի պաշտոնում, այնուհանդերձ ստիպված եղան անել։ Այլ ավելի հարմար թեկնածու այդպես էլ չկարողացան գտնել։ Քչերն են համաձայնում աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ։

Այդ քչերից մեկն էլ, թերևս, Գևորգ Պապոյանն է, ով միշտ էլ առանձնացել է իշխանություններին քծնելու իր բացարձակ ունակություններով։

Նրա անունը շոշափվում է ժամանակին տարբեր կուսակցությունների նկատմամբ ունեցած հակումներով։ Եղել է Հանրապետական կուսակցության անդամ։ Հեռացվել է։

Համակրել է նաև այլ կուսակցությունների, քաղաքական ուժերի ու գործիչների։

Քաղաքական «հայացքներն» արագ փոխելու և ժամանակի հետ հարմարվելու ունակության շնորհիվ էլ նա տարբեր տեղերից թռնելով՝ հայտնվեց այս իշխանության գրկում։

Տնտեսության հետ նրա գործնական առնչությունները սահմանափակվում են մեկ-երկու ընկերությունում հիմնականում մարքետինգային ծառայություններ մատուցելով։ Փոխարինելով Վահան Քերոբյանին՝ հիմա էլ ինքը պիտի փորձի իր հմտությունները փոխանցել տնտեսությանը։

Ժամանակը ցույց կտա, թե նա ի՞նչ կկարողանա անել՝ իր այդքան «բեղմնավոր» աշխատանքային ու հատկապես արտադրական ոլորտի «հարուստ» աշխատանքային փորձով։

Ստանձնելով տնտեսության երկու ամենաառանցքային՝ արդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտների ղեկավարումը, Գևորգ Պապոյանը դրանցում աշխատանքային փորձ բացարձակ չունի։ Թեև իշխանության համար ի՞նչ նշանակություն ունի՝ Վահան Քերոբյանն էլ չուներ։ Արդյունքը տեսնում ենք՝ արդյունաբերության ու գյուղատնտեսության հերն անիծել են։

Հերթը Գևորգ Պապոյանինն է։

Վահան Քերոբյանին փոխարինող գտան, Գեղամ Գևորգյանին ու Գարեգին Բաղրամյանին՝ ոչ։

Չնայած Գարեգին Բաղրամյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում աշխատելու երկար տարիների փորձ ունի, այնուհանդերձ ժամանակին նա Հանձնաժողովի նախագահի պաշտոնում հայտնվեց առաջին հերթին ԱԱԾ-ն գլխավորող Արթուր Վանեցյանի բաջանաղը լինելու հանգամանքով պայմանավորված։ Հետագայում, իհարկե, նա կարողացավ իր հարաբերությունները սերտացնել իշխանությունների հետ և հաջողացրեց պահպանել աթոռը նաև Արթուր Վանեցյանի հեռանալուց ու ընդդիմության շարքերն անցնելուց հետո։

Հանրային ծառայությունները կարգավորող Հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գարեգին Բաղրամյանի պաշտոնավարումն առանձնացել է՝ ինչպես էլեկտրաէներգիայի, այնպես էլ՝ գազի ու ջրի սակագների բարձրացմամբ, թեև, եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության՝ սակագները նվազեցնելու խոստումներով։ Գարեգին Բաղրամյանի գլխավորած հանձնաժողովը միշտ էլ գտել է հիմնավորումներ՝ սակագները բարձրացնելու համար։

Նաև հակառակը՝ չիջեցնելու համար։

Ժամանակին նույն Հանձնաժողովը սակագների ձևավորման գործում մեծապես կարևորում էր դոլարի փոխարժեքը։ Երբ դոլարի գինը բարձրանում էր, բարձրացնում էին նաև սակագները։ Վերջին երկու տարիներին հակառակն է՝ դոլարի գինը գրեթե 20 տոկոսով նվազել է։ Դա ենթադրում էր, որ հանրային ծառայությունների սակագները պիտի նվազեին։

Թվում էր, թե Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կգնա դրան, կնվազեցնի առնվազն գազի ու էլեկտրաէներգիայի սակագները։ Բայց Գարեգին Բաղրամյանի գլխավորած հանձնաժողովն այդպես էլ որևէ քայլ չարեց՝ ի շահ սպառողների։

Չնայած գազի գործող սակագներում դոլարը հաշվարկված է 485 դրամով։ Այնինչ՝ անցած տարի այն հիմնականում՝ 385, իսկ այս տարի՝ 405 դրամի շրջանակներում է։

Բոլորովին վերջերս էլ Հանձնաժողովն անգամներով ավելացրեց էլեկտրացանցին բաժանորդների միացման վճարները։ Ընդհուպ 400-500 տոկոսով։

Ի տարբերություն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հիմնական ֆունկցիան գների չհիմնավորված բարձրացումներ ու մրցակցային դիրքի չարաշահումներ թույլ չտալն է։ Թե վերջին տարիներին  Գեղամ Գևորգյանի գլխավորած հանձնաժողովին դա որքանո՞վ է հաջողվել անել, սպառողները լավ գիտեն։ Կար ժամանակ, երբ բազմաթիվ ապրանքների գները կտրուկ բարձրանում էին, իսկ Հանձնաժողովը դարձել էր այդ բարձրացումներն արդարացնող մարմին։ Շատ հաճախ գնաճը հիմնավորվում էր դոլարի թանկացմամբ։ Իսկ  երբ դոլարն էժանացավ, մոռացավ, որ գներն էլ դրան համարժեք պետք է իջնեն։

Հիշենք, թե ինչպես էր Գեղամ Գևորգյանն անցած տարվա գարնանը դժգոհում, որ բենզինի գները Հայաստանում ցածր են, ու դա կասկածներ է առաջացնում դրանց հիմնավորված լինելու առումով։

Երբևէ չի եղել, որ հակառակն ասեն։

Ի դեպ, Հանձնաժողովի նախագահի հայտարարությունից կարճ ժամանակ անց բենզինի գները կտրուկ բարձրացան։ Այսօր էլ շարունակում են բարձր լինել։

Վերջին տարիներին տնտեսական մրցակցության ոլորտում Հայաստանում մեծ բան չի փոխվել։ Այսպես կոչված, մենաշնորհներն ինչպես կային, այնպես էլ կան։ Երբեմնի գերիշխող դիրք զբաղեցնողներն այսօր էլ շարունակում են գերիշխող լինել։ Երբեմն էլ միայն արտոնյալներն են փոխվել. Մեկին փոխարինել է մեկ ուրիշը, ով ավելի մոտ է կանգնած իշխանություններին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս