Իրավիճակը շարունակում է լարված մնալ, Ադրբեջանն Իսրայելից մեծաքանակ զինտեխնիկա է տեղափոխում Բաքու. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝  իշխանությունը հասարակությանը պատշաճ չի իրազեկում, թե իրականության մեջ ԵՄ դիտորդները՝ ողջ ծավալով, և ռուս զինծառայողները՝ տարբեր ուղղություններով, ինչ ֆունկցիա ունեն։ Այդ պատճառով էլ, նրա խոսքով՝ հասարակության համար հայտնի չի դառնում, թե իրականության մեջ այս կամ այն միջադեպի դեպքում ովքեր ունեն պատասխանատվություն։

«Սա ավելի շատ նման է նրան, որ ՀՀ իշխանությունը պատասխանատվությունն իր վրայից գցելու համար փորձում է այդ թեմայով ներգրավել ռուսական կողմին։

Իրականության մեջ, եթե մենք տեղյակ չենք այնպիսի լիազորություններից, որոնք գործում են, ապա չեմ կարծում, թե Ներքին Հանդում տեղակայված ռուս զիծառայողները կարող էին կանխել այնտեղ վերջերս թշնամու սադրանքի հետևանքով 4 մարդու զոհվելու հանգամանքը։ Իհարկե, ռուսական կողմը պնդում է, որ իրենք քայլեր են ձեռնարկել, որպեսզի դա էսկալացիայի չվերածվի, բայց կներեք, կարծում եմ՝ առաջին հերթին այդ ուղղությամբ անելիքները ՀՀ իշխանություններինն էին՝ համապատասխան ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնք իրավիճակին համարժեք չեն գործում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը։

Ըստ պատգամավորի, Ադրբեջանը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իր լկտիությունները շարունակում է, որովհետև արձագանք կամ որևէ ձևով հակազդեցություն չի տեսնում։

Կարդացեք նաև

Տիգրան Աբրահամյանի բնորոշմամբ՝ ՀՀ իշխանությունը խնդիր ունի այս կամ այն թեման Արևմուտքին կամ Ռուսաստանին ծախելու, վերջերս դա առավելապես վերաբերում է Արևմուտքին ծախելուն։ Իսկ սա նշանակում է, որ տարբեր դեմքեր պետք է հակառուսական հայտարարություններ հնչեցնեն, կամ հայտարարություններ, որոնք հատուկ են կամ հաճո  Արևմուտքին։

«Իրականության մեջ այս մարդիկ իրենց հայտարարությունների հիմքում որևէ հաշվարկ չեն դնում, ինչը չի բխում Հայաստանի ու նրա անվտանգության ապահովման շահերից։

Առաջնագծում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ 4 հայ մարդ է զոհվել, իսկ իշխանությունը հանրային տրամադրություններն ուղղում է բոլորովին այլ ուղղությամբ։ Իսկ հասարակությունն ուզում է  իմանալ, թե իրականում ի՞նչ է կատարվում, ինչի՞ կարող է հանգեցնել այդ միջադեպը, մինչև ե՞րբ է սա շարունակվելու»,- շեշտեց պատագամավորը։

Ինչ վերաբերում է Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպմանը, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ եթե բանակցային գործընթացը փակուղային լինի, ապա հանդիպումներն առհասարակ կդադարեն, բայց դա չի նշանակում, որ եթե հանդիպում են, ապա թնդանոթները լռում են։

«Հիմնական սկզբունքային հարցերի շուրջ կողմերն այդպես էլ համաձայնության չեն հասնում։ Մենք, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, ունենում ենք վիճակներ, երբ սկզբունքային տեսանկյունից որևէ լուրջ փոփոխություններ չկան, իշխանություններն ըստ նպատակահարմարության՝ ամեն ինչ ներկայացնում են՝ որպես առաջընթաց։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ, Ադրբեջանը շարունակում է սպառազինվել։ Եթե նայենք վերջին երկու ամիսների կտրվածքով՝ հունվար-փետրվարին միայն Իսրայելից մեծաքանակ զինտեխնիկա է տեղափոխվել Բաքու։

Այսինքն՝ մի կողմից՝ Ադրբեջանը ցույց է տալիս, որ պատրաստ է բանակցելու, բայց իրականության մեջ տեղի է ունենում սպառազինությունների մեծ մրցավազք։

Մյուս կողմից՝ Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանը վերազինվում է, զորավարժություններ է իրականացնում։ Այս իրավիճակում որևէ լավատեսական սպասում չի կարող լինել»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։

Տեսանյութեր

Լրահոս