Ռուսաստանը ՀՀ իշխանություններից պահանջում է գլխավոր հարցի պատասխանը՝ ՀՀ-ն պատրաստվում է լքե՞լ ՀԱՊԿ-ը, թե՞ ոչ

Արդեն մի քանի օր է, ինչ ՌԴ պաշտոնական շրջանակներից հայտարարություններ են հնչում՝ Ռուսաստանը ՀՀ իշխանությունից պարզաբանումներ է ակնկալում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հերթական անգամ անդրադարձել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցության սառեցված կարգավիճակի մասին օրերս արած ձևակերպմանը։ Նա նշել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ հստակություն դեռևս չկա։

«Ոչ, դեռ չկա։ Այստեղ մենք բավականին հաճախ շփումներ ունենք հայ գործընկերների հետ։ Իհարկե, մենք կպարզաբանենք: Եթե ելնենք համապատասխան փաստաթղթերից, ապա ՀԱՊԿ-ի առումով նման ռեժիմ գոյություն չունի։ Շփվենք, կպարզենք։

Եթե ելնենք համապատասխան փաստաթղթերից, ապա նման ռեժիմ («սառեցված անդամակցություն»։- խմբ.) դե յուրե պարզապես գոյություն չունի ՀԱՊԿ ծրագրում։ Մենք կշփվենք, կիմանանք»,- ասել է Պեսկովը։

Նշենք, որ օրերս France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Կարդացեք նաև

«Մասնավորապես՝ 2021 թվականին, 2022 թվականին, և դա էլ չէր կարող մեզ համար անցնել առանց հետևանքների: Եվ հետևանքը գործնականում այն է, որ գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Վաղը ի՞նչ կլինի, վաղը կերևա»,- ասել էր նա։ Բազայի մասին հարցին էլ նա պատասխանել էր, թե բազան Հայաստանում է գտնվում ոչ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում: «Դա լրիվ ուրիշ պայմանագրային հարթություն է, և այդ հարթությանը վերադառնալու առիթ չենք ունեցել»,- նկատել էր Փաշինյանը։ Այս ձևակերպումներին հաջորդել էր ՀԱՊԿ հայտարարությունը, համաձայն որի՝ մինչ օրս ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից դիմում չի ստացել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին։ «Ինչ վերաբերում է մասնակցության սառեցման մասին պնդումներին, ապա, ըստ ամենայնի, խոսքը կազմակերպության կողմից վերջերս իրականացված մի շարք միջոցառումներին Հայաստանի չմասնակցության մասին է», – ասել էին կազմակերպությունից։

Նախօրեին իրավիճակը մեկնաբանել է նաև Լուկաշենկոն՝ ասելով, թե Մինսկը բացարձակ հանգիստ է արձագանքում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ հայկական կողմի հայտարարություններին։

«Եթե Հայաստանը մնա ՀԱՊԿ կազմում, ապա կաջակցենք՝ որպես մեր դաշնակցի, եթե չցանկանան մնալ ՀԱՊԿ-ում, այն չի քանդվի»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Միաժամանակ, նա ևս տեղեկացրել է, որ անդամակցությունը չեղարկելու հարցով պաշտոնական ծանուցումներ Երևանից չեն ստացվել։ Լուկաշենկոն պնդել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններին միջամտելու առիթ ՀԱՊԿ-ը չի ունեցել, ուստի կառույցից նեղանալու պատճառներ չեն կարող լինել։ «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ բոլոր անդամների համար էլ Ադրբեջանն օտար երկիր չէ, հայերն էլ մեր բարեկամ ժողովուրդն են։ Ի՞նչ կարող էինք անել։ Կարծում եմ՝ այդ երկրներն այժմ խնդրի լուծման ճիշտ ուղու վրա են»,- նշել է Լուկաշենկոն։

Ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀԱՊԿ-Հայաստան հարաբերություններում ստեղծված ներկայիս իրավիճակը հայտնի էր թե ՀԱՊԿ-ին, թե Ռուսաստանին, քանի որ տևական ժամանակ է՝ Հայաստանը քննադատում է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև մերժում այս կառույցի աշխատանքներին մասնակցությունը։

Ըստ նրա, այստեղ տարաձայնություն կա, քանի որ ՀՀ-ն չի մասնակցել, դա դիտարկել է դեմարշ կամ անդամակցության սառեցում, սակայն ՀԱՊԿ անդամ երկրները և Ռուսաստանը դա այդպես չեն ընկալել, ուստի պարզաբանումներ են ակնկալում։ «Քննադատելը, դժգոհություններ ունենալը մեկ բան է, իսկ ՀԱՊԿ անդամակցությունը սառեցնելը՝ մեկ այլ բան, հատկապես որ, կա կանոնադրություն, և երևի թե ակնկալվում է, որ կլինեն պարզաբանումներ ուղիղ Երևանից»,- նշեց նա։

Նրա կարծիքով, Մոսկվային ամենայն հավանականությամբ կհետաքրքրի, թերևս, գլխավոր հարցը՝ ՀՀ-ն լքո՞ւմ է ՀԱՊԿ-ը, թե՞ ոչ, քանի որ դժգոհելը կառույցից մեկ բան է, իսկ այն լքելու մտադրությունը և լքելը՝ մեկ այլ։

«Ուստի, ըստ իս, այս օրերի ընթացքում հնչող բոլոր մեկնաբանությունների նպատակն է ստանալ այս հարցի պատասխանը, որը կհստակեցնի կամ կհաստատի այն քաղաքական գիծը, որը տանում են ՀՀ իշխանությունները։ Հարցազրույցում, ինչպես նախորդ բոլոր հայտարարություններում, կրկին նկատվում է ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրը, որը ունի Հայաստանը, սակայն հստակ պատասխան չի հնչում, որ ՀՀ-ն լքելու է ՀԱՊԿ-ը և հանելու է բազաները։ Իհարկե, նման մտադրություն նկատելի է, սակայն այդ մասին չի հայտարարվում, իսկ նման հարցերում պաշտոնական հայտարարությունները չափազանց կարևոր են։ Հենց դա է պատճառը, որ ակնկալվում է պաշտոնական պարզաբանում»,- ասաց Ֆելգենգաուերը։

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովի դիտարկմանը, թե ՀԱՊԿ կանոնադրությունն անդամակցության սառեցում չի նախատեսում, նա ասաց․

«Նման հստակեցումն արվում է, որպեսզի Երևանից պարզաբանումը վերաբերվի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված ծրագրերին։ Սակայն Երևանից չեն շտապում պարզաբանել, քանի որ դրվելու է գլխավոր հարցը։ Իսկ ՀԱՊԿ լքելը, թեև այն արհեստական կառույց է, մի շարք այլ հարցեր ու խնդիրներ է ի հայտ բերելու և հանգելու երկկողմ հարաբերություններին։ Սակայն, իմ տպավորությամբ, Երևանը, եթե նույնիսկ նման որոշում ունի, չի շտապում, քանի որ իրավիճակն ուկրաինական ճակատում նաև Արևմուտքի ռեսուրսների վրա է ազդում, սահմանափակում դրանք»։ Սակայն, նրա խոսքով, այս հայտարարությունը, ինչպես նաև հայտարարություններն Ուկրաինայի վերաբերյալ, Զելենսկիի ՀՀ հնարավոր այցի մասին խոսակցությունները տեղավորվում են Հայաստանի արևմտականացված կերպարի ամրապնդման շրջանակում։

Հարցին՝ ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան, եթե ՀՀ-ն որոշի լքել ՀԱՊԿ-ը, վերլուծաբանը պատասխանեց, որ իրականում հայ-ռուսական հարաբերությունների առանցքային բովանդակությունն ամփոփված է երկկողմ փաստաթղթերում։ «ՀԱՊԿ-ը բոլոր երկրների համար ոչ մեծ նշանակություն ունեցող կառույց է, ուստի ՀԱՊԿ-ը լքելուց ավելի կարևոր է հայ-ռուսական հարաբերությունների առանցքային բովանդակությունը, իսկ թե այդ հարցում ինչ կանի ՀՀ-ն դեռ, լիովին հասկանալի ու պարզ չէ»,- նկատեց նա։ Իսկ Մոսկվան, նրա խոսքով, ներկայումս ունի թե բազմաթիվ ներքին, թե արտաքին խնդիրներ։

«Այս փուլում լուրջ ստրատեգիա չկա, թե ինչպես վարվել նման իրավիճակներում, քանի որ ողջ ուշադրությունն այլ հարցերի ուղղությամբ է»,- ասաց Ֆելգենգաուերը։

Տեսանյութեր

Լրահոս