«Թուրքը հարվածելու է՝ մինչև ֆրանսիական զենքի տեղ հասնելը, զենքի տեղափոխումն ունենալու է լոգիստիկ բազմաթիվ խնդիրներ». Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցությունը սառեցնելը նշանակում է՝ դժվարին իրավիճակում Հայաստանին զրկել մատչելի զենք ձեռք բերելու հնարավորությունից։

Ըստ փորձագետի, եթե ՀՀ իշխանությունը կարծում է, որ այդ ամենը կարող է անել Ֆրանսիայի հետ համագործակցելով՝ զենք ձեռք բերելու առումով, սխալվում է։

«ՀՀ իշխանության կողմից այդպես մտածելը մեծագույն մոլորություն է, ստորություն է մեր երկրի նկատմամբ, որովհետև Ֆրանսիան հիմա իր աշխարհաքաղաքական ազդեցության նվազմամբ գտնվում է ամենաստորին կետում։ Ֆրանսիային ռուսական պրոքսի ուժերն Աֆրիկայից մեծ արագությամբ են հեռացնում, սա անգամ պատկերացնել հնարավոր չէր նույնիսկ երկու տարի առաջ։ Ֆրանսիան իր ազդեցությունն այնտեղ կորցնում է ու փորձ էլ չի անում վերականգնել, մեզ ինչպե՞ս է օգնելու։

Եթե անգամ ենթադրենք՝ ֆրանսիական սպառազինությունը, որի մասին խոսում են, տեղ հասնի, միևնույն է՝ այն օգտագործելու համար երկար ժամանակ է պետք։

Կարդացեք նաև

Զենքը երբեք շատ չի լինում, ավելին՝ բոլորից էլ պետք է զենք ձեռք բերես, եթե չես հակադրվում քո դաշնակցին, եթե հակադրության տրամաբանության փոխարեն՝ լրացնելու տրամաբանությամբ ես այլ երկրից զենք գնում, շատ նորմալ է»,- 168.am հետ զրույցում նշեց Դավիթ Ջամալյանը։

Նրա բնորոշմամբ՝ այսօր Հայաստանի իշխանությունը Ռուսաստանին հակադրվելու տրամաբանությամբ է փորձում զենք ձեռք բերել։

«Թուրքը հարվածելու է՝ մինչև ֆրանսիական զենքի տեղ հասնելը։ Եթե անգամ պատկերացնենք, որ ֆրանսիական զենքը ժամանակին տեղ է հասել, մինչև անձնակազմը պատրաստվի, մինչև զենքը ներդաշնակեցվի ԶՈւ ուժերին առկա զենքերին, պարզապես ժամանակ է անհրաժեշտ։ Ավելին՝ Ֆրանսիայից Հայաստան զենքի տեղափոխությունն առնչվելու է լոգիստիկ մեծ խնդիրների հետ։ Զենքը կարող է Հայաստան հասնել միայն Վրաստանի տարածքով, իսկ Վրաստանը ցանկացած պահի կարող է թուրք-ադրբեջանական ճնշման տակ արգելել։

Եթե անգամ ինչ-որ խմբաքանակ տեղ հասնի, ապա Ֆրանսիան չի կարողանալու ապահովել սպառազինության այնքան բալանս, ծավալ, որը մենք ստանում էինք Ռուսաստանից։ Հնարավոր պատերազմի ժամանակ մեզ անհրաժեշտ է լինելու հուսալի, անխափան ու անսահմանափակ ծավալի զենքի մատակարարում։ Ինչո՞ւ եմ ասում՝ անսահմանափակ, որովհետև 44-օրյա պատերազմի ժամանակ Գյումրու 102-րդ ռազմաբազան դատարկվել է, այն ծավալը, որը ստանում ենք Ռուսաստանից, չենք ստանալու Ֆրանսիայից։ Կրկնում եմ՝ մինչև Ֆրանսիայի զենքի հասնելը, թուրքը հարվածելու է, գուցե խորհրդանշական մի քանի ՀՕՊ միջոցներ գան տեղ հասնեն»,- շեշտեց Դավիթ Ջամալյանը։

Ամփոփելով՝ Դավիթ Ջամալյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարությամբ «իր ավագ եղբորը՝ Ալիևին», Հայաստանի վրա հարձակվելու պատրվակ է տալիս։

Հիշեցնենք, որ «France 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։ Նա ընդգծել էր, որ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ կյանքի չի կոչվել, հատկապես՝ 2021-2022 թվականներին, ինչը չէր կարող վրիպել իրենց ուշադրությունից։

Հիշեցնենք նաև, որ փետրվարի 23-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել  Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն։ ՀՀ և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները ստորագրել են մի շարք պայմանագրեր։

Տեսանյութեր

Լրահոս